Արմինֆո.Հայկական ՏՏ շուկան, հիմնականում, աշխատում է աութսորսինգի համար, այստեղ շատ լավ մասնագետներ կան, բայց դեռ չկա այնպիսի մասշտաբի բիզնես-պահանջարկ՝ այդ բիզնեսը երկրի ներսում սպասարկելու համար։ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնել է ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT) մասնակից, BearingPoint միջազգային խորհրդատվական ընկերության մենեջեր Լևոն Ղազարյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում լավ է աշխատում Business to Customer մոդելը։ Այս համատեքստում փորձագետը վկայակոչել է Հայաստանում PicsArt ընկերության փորձը, որը տրամադրում է հավելվածներ վերջնական օգտատիրոջ համար։ "Երբ մենք խոսում ենք ՏՏ մեծ նախագծերի մասին, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում, որոնք առավելապես ներկայացված են գիտական նախաձեռնություններով, տվյալ ոլորտի կարիքների 90 տոկոսը գեներացվում է խոշոր ընկերությունների կողմից, որոնք ունեն փող եւ գտնվում են հասունության այնպիսի մակարդակում, որպեսզի հասկանան, որ այդ միջոցները անհրաժեշտ է ներդնել համակարգչային տեխնոլոգիաների միջոցով օպտիմալացման մեջ: Որքան ինձ հայտնի է, Հայաստանում բիզնեսի նման ծավալ դեռ, ցավոք, չկա", - ընդգծել է նա։
Ղազարյանի կարծիքով, այսօրվա դրությամբ Հայաստանում կարելի էր զարգացնել այնպիսի ուղղություն, ինչպիսին է մատակարարումների եւ գնումների կառավարումը (Sales and Distribution), քանի որ երկրում կան ապրանքների մատակարարումներով զբաղվող բազմաթիվ ընկերություններ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խոշոր արտադրական ընկերություններն ունեն սենսորներով հագեցած սարքավորումներ, որոնք, մասնավորապես, տեղեկացնում են արտապլանային վերանորոգման անհրաժեշտության մասին՝ ահազանգելով խնդիրների մասին մինչեւ խափանումը: "Սա պարզ եւ հետաքրքիր ուղղություն է, որը, հաշվի առնելով շուկայի հագեցվածությունը, կարելի էր ակտիվորեն զարգացնել այստեղ", - ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ, Ղազարյանն ընդգծել է, որ միջազգային խորհրդատվական ընկերության համար իմաստ ունի ուսումնասիրել հայկական շուկայի հնարավորությունները՝ տեղական մշակողների հետ համագործակցությունը սկսելու նպատակով: "Մենք զբաղվում ենք տվյալների կորպորատիվ պահոցների, ավտոմատ հաշվետվությունների համակարգերի, կոնսոլիդացիայի, բյուջետավորման, ինֆոգրաֆիկայի ստեղծմամբ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կան լավ ռիթեյլերներ, որոնք կարող են իրենց թույլ տալ դա", - նկատել է նա։
Հավելենք, BearingPoint-ը միջազգային ընկերություն է, որը մասնագիտացած է բիզնես-խորհրդատվության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ֆիրման կազմավորվել է ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ընկերության շրջանակում խորհրդատվական պրակտիկայի ստեղծման, 2001 թվականին որպես KPMG Consulting անվամբ անկախ իրավաբանական անձ դրա անջատման և հետագայում BearingPoint-ի անվանափոխության արդյունքում: