Արմինֆո. 2019 թվականի հոկտեմբերի 22–ին Կենտրոնական բանկում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրումե թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր Կենտրոանական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ներկա են գտնվել նաև կառավարության ներկայացուցիչներ, Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր` անասնապահության ապահովագրության ոլորտի միջազգային լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։Քննարկվեցին մի շարք հարցեր, հնչեցին առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ։
Առաջիկայում հանրապետությունում նախատեսվում է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական օժանդակության» ծրագիրը, որով 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար երեք ռիսկերից` կարկուտից, հրդեհից և գարնանային ցրտահարությունից կապահովագրվի երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող: Կարկուտի և հրդեհի դեպքում կապահովագրվեն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից:
Հիշեցնենք, որ Հայաստանում ագրոապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման համար գերմանական KfW բանկը հատկացրել է 5.3 մլն եվրո դրամաշնորհ, որի հիմնական գումարը՝ 4.8 մլն եվրո, պետք է ուղղվեր բացառապես ֆերմերների կողմից ապահովագրերի գնման սուբսիդավորմանը։ Մնացած գումարը՝ 515 հազար եվրո, տրամադրվել է խորհրդատվության հետ կապված ծախսերը հոգալու համար։ Ընդ որում, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, հանդես կգա ծրագրի համաֆինանսավորմամբ 5 մլն եվրոյի չափով։ Կլիմայի ներդրումային հիմնադրամը (ClimateInvestmentFunds) նույնպես կտրամադրի 2 մլն եվրո, որից 200 հազար եվրոն ուղղորդվելու է ապահովագրերի գնման սուբսիդավորմանը, իսկ 1.8 մլն եվրոն ՝ խորհրդատվական ծառայությունների համար: Խորհրդատվությամբ զբաղվելու է երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ AINA-ի ստեղծման, կադրերի վերապատրաստման եւ գնահատողի ինստիտուտի ձեւավորման, ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ խորհրդատվական ընկերության ծառայությունների համար հատկացվել է 1.9 մլն եվրո: