Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը:
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ, գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ, հետևաբար գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների հետևանքով զգալի կորուստներ են կրում: Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամ։ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30.0 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները: Էկոնոմիկայի նխարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնունմ, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծրագրի իրականացման կարևորությունը և նշել. «Սա երկար տարիների պրակտիկա է, երբ կարկուտը ինչ-որ մի տարածքի բերք ոչնչացնում է, կառավարությունը ինչ-որ մի փոքր փոխահատուցումն է տալիս գյուղացիներին, որը, ըստ էության, աննշան օգնություն է: Հիմա այս համակարգի ներդրման հետ կապված կա մի կարևոր առանձնահատկություն. կառավարությունն ապահովագրական պոլիսների գնի կեսը վճարում է՝ 50-60 տոկոս: Այն պահին, երբ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը դա գնեց, այդքան փողը մենք ենք տալիս: Սրա համար մենք նախատեսել ենք բյուջետային միջոցներ: Հիմա մենք պետք է հասկանանք՝ բոլոր այն մարզերում, որտեղ կա այս ապահովագրության հնարավորությունը, որին կառավարությունը 50 տոկոսով մասնակցում է, խոսակցություններն այն մասին, որ կառավարությունը պետք է կարկուտից հետո գյուղացուն օգնություն տա, փակվում են : Մենք սա անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ գյուղացին իրոք ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանաե: