Արմինֆո. Արդշինբանկն այս տարվա սեպտեմբերին կնքված Ընդհանուր ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում առաջին անգամ գործարք կնքեց Տնտեսական համագործակցության միջազգային բանկի (ՏՀՄԲ) հետ:
ՏՀՄԲ-ն Արդշինբանկին տրամադրեց նախաարտահանման ֆինանսավորում 3.5 միլիոն եվրոյի չափով՝ մինչև վեց ամիս ժամկետով Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների վարկավորման համար: ՏՀՄԲ-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությանն աջակցելու համար ինչպես ավանդական ռուսական ուղղությամբ, այնպես էլ, երկարաժամկետ հեռանկարում, Հայաստանի համար՝ ՏՀՄԲ- ի անդամ-երկրների նոր շուկաներում:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը, Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներում և, առաջին հերթին, էներգետիկ ոլորտում իր ներկայությունից բացի, մեծ ուշադրություն է դարձնում փոքր ու միջին բիզնեսին:Դրան է նպաստում նաև ավելի քան 60 մասնաճյուղերով լայն աշխարհագրությունը:
ՏՀՄԲ-ն բազմակողմանի զարգացման բանկ է, որի նպատակն է աջակցել իր անդամ-երկրների տնտեսությունների և անդամ-երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև երրորդ երկրների գործընկերների հետ նրանց արտաքին առևտրային հարաբերությունների ընդլայնմանը: ՏՀՄԲ-ի անդամ-երկրները ութն են՝ Բուլղարիա,Վիետնամ, Մոնղոլիա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա և Չեխիա: 2019 թ. առաջին կիսամյակում ՏՀՄԲ ակտիվների ծավալը հասել է գրեթե 475 մլն եվրոյի:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: