Արմինֆո. "Բիզնեսին հարկային արտոնություններ մի տրամադրեք", - իշխանություններին կոչ է անում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Տնտեսագետի կարծիքով, մասնավոր հատվածին աջակցության հենց այդ գործիքն է ներքև գլորում Հայաստանի տնտեսությունը։
"Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից "բարձրացել էր" 69-րդ տեղը։ Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։ Երկրորդ, շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։ Երրորդ, մտահոգիչ է ՀՀ "աճի" տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով ( 73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։ Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB). Հայաստանում "իրականացված" տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը", - գրել է նախկին վարչպետը "Ֆեյսբուքի" իր էջում։ Նա ընդսմին նշել է, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ "Հուսադրում" է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։
"Ի՞նչն է սակայն բոլորովին անընդունելի։ Երեկվա կառավարու թյան նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս. էս ո՞նց եղավ։Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։ Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են ( https://www.doingbusiness.org/…/d…/country/a/armenia/ARM.pdf)։ ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ. բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։ Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար. Խ.Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ Մի տրամադրեք այդ արտոնությունները ասում են ՀԲ-ն և DB-ն։ Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր. պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև գլորվում։ Խ.Սուքիասյանը, կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլի՞նի նրանց՚ արտոնություններ չտաք։ կլի՞նի որ նման արտոնություններ սահմանվեն բոլորի համար։ Ի՞նչու եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները։
Առաջիկայում կանդրադառնամ 2020-ի բյուջեի և վիճակագրական հանցագործություններին", - եզրափակել է Հրանտ Բագրատյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքսատուրքից ազատման տեսքով հարկային արտոնություն է ստացել 172,8 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումների ներմուծման գործարքների 45 ներդրումային ծրագիր: Դրանցից 7-ը արտոնություն է ստացել ԱԱՀ վճարումից ազատվելու տեսքով, որոնք նախատեսում են 67,5 մլրդ դրամի ներդրում։ Միայն ԱԱՀ-ի գծով արտոնություն է տրամադրվել ևս երեք ընկերությունների, որոնք նախատեսում են 152,1 մլրդ դրամի ներդրում։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, արտոնություն է տրամադրվել է 48 ներդրումային ծրագրերի՝ 324,9 մլրդ դրամ ներդրումային փաթեթով։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով մեկնաբանելով ՀԲ-ի վարկանիշում Հայաստանի դիրքի վատթարացման մասին լուրը' էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ դա, հիմնականում, կապված է ինչպես հետազոտության 10 ուղղությունների գնահատման մեթոդաբանության փոփոխության, այնպես էլ վարկանիշում նոր ուղղության ներառման հետ, որն առնչվում է ֆոնդային շուկայի զարգացման մակարդակին: "Եթե բացառենք այդ ուղղությունները, ապա հանրապետությունը կբարելավեր իր դիրքերը 1.3 կետով, եւ այդ ցուցանիշով կմոտենար աշխարհի առաջատար պետություններին", - ասել էր նախարարը: Ավելի վաղ ՀԲ-ն ղեկավարվել է նախապես հաստատված մեթոդաբանությամբ, որը տարածվել է, օրինակ, այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կազմակերպության գրանցման ժամկետները, գույքի նկատմամբ իրավունքները, հարկերի վճարումները, շինարարության թույլտվությունները, էլեկտրացանցին միացնելը, դատարաններում գործերի քննումը եւ ընկերությունների սնանկացման գործընթացը:
Նախարարի խոսքով ՝ Հայաստանն, օրինակ, բարելավել է իր դիրքերը հարկերի վճարման և ԱԱՀ վերադարձման հարցում, ինչը դրական է գնահատվել ՀԲ փորձագետների կողմից ։ Դրական դինամիկա է դիտվում նաև շինարարական աշխատանքների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացում։ Այս տարի, շարունակել է Տիգրան Խաչատրյանը, ՀԲ-ն իր հետազոտություններում առաջին անգամ կիրառել է գնահատման նոր մեթոդաբանություն, որոնք հիմնականում կապված են մինորիտար բաժնետերերի իրավունքների պաշտպանության հետ, այդ թվում ՝ օրենսդրական բարեփոխումների միջոցով: Նախարարը հիշեցրել է, որ երկրի խորհրդարանի կողմից անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքում, որոնցով մինորիտոր բաժնետերերի շահերը լիովին պաշտպանված են: Ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, եւս մեկ նորամուծություն վերաբերում է ֆոնդային բորսայում մասնավոր ընկերությունների գրանցմանը եւ բաժնետոմսերի շրջանառությանը: Եվ եթե բորսայում գրանցված ընկերությունների թիվը 10-ից պակաս է, ապա նույնիսկ պետական, ինչպես նաեւ մասնավոր մինորիտար բաժնետերերի վերահսկողության եւ կորպորատիվ պատասխանատվության մակարդակի դեպքում շնորհվում է 0 միավոր: Ընդ որում, անկախ իրավական կարգավորումների առկայությունից։ Այլ կերպ ասած ՝ որքան շատ են ֆոնդային բորսայի մասնակիցները, այնքան բարձր է միավորը։ Եթե այդ տեսանկյունից գնահատենք, նկատել է նախարարը, ապա Հայաստանն անցյալ տարի 51-րդ տեղից ընթացիկ տարում կհայտնվեր 120-ում։ Որպես հետեւանք, ընդհանուր վարկանիշում դիրքերի ատթարացում վեց դիրքերով: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իր հերթին, մատնանշել է հայտնաբերված տեխնիկական սխալը, որը բացառելու դեպքում հանրապետությունը կհայտնվեր 37-րդ տեղում' նկատի ունենալով մինորիտար բաժնետերերի մասին տեղեկատվությունը, սակայն չնշելով, թե ինչի մասին է խոսքը: