Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2019 15:31
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը ։   Այս մասին նոյեմբերի 1-ին տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը ։

 

Նրա խոսքով ՝ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը /ԱՄՎ/։ Այդ աշխատանքն իրականացվում է <Ֆրանս Ատոմ> ընկերության հետ սերտ համագործակցությամբ։  ԱՄՎ-ն բաժանված է հինգ բաղադրիչների՝ ըստ ակտիվության աստիճանի, և բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից, ԱԷԿ-ը պահեստավորման եւ պահման հետ կապված խնդիրներ չունի:  Ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչեւ 2036 թվականը լուծել այդ խնդիրը: Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգման հնարավորությունները մինչեւ 2036 թվականը, շարունակել է Մովսես Վարդանյանը, կայանը լիովին ապահովված կլինի պահեստավորման համար անհրաժեշտ հարթակներով: Այս պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի:  Այնուամենայնիվ, ինչպես նշել է գլխավոր տնօրենը, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ՝  ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ:

 

Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ  հայկական ԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի /ԱՄՎ/ չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի ևս 30 տարով։  Նա հիշեցրել է, որ Կոմիտեն 2000թ. Հայկական ատոմային էլեկտրակայանին տվել է համապատասխան լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Որպես կանոն, շարունակել է Աշոտ Մարտիրոսյանը, աշխատած միջուկային վառելիքը կարող է պահվել նման պահեստներում 300 տարի ։  Այնուամենայնիվ, լիցենզիան տրվում է 50-70 տարի ժամկետով, սակայն, հաշվի առնելով անվտանգության ապահովման նպատակով պարբերական հետազոտությունների անցկացման կարեւորությունը՝ Կոմիտեն Հայկական ԱԷԿ-ին տվել է 20 տարի ժամկետով լիցենզիա:  Ներկայումս պահեստարանը լցված է ընդամենը 20% - ով: Ճիշտ է, ինչպես նշել է Կոմիտեի նախագահը, տվյալ դեպքում խոսքը ցածր ակտիվության աշխատած միջուկային վառելիքով պահեստարանի մասին, մինչդեռ արդեն այսօր պետք է մտածել միջին ակտիվության ԱՄՎ պահեստարանների մասին: Պատասխանելով կայանից ԱՄՎ Ռուսաստանի տարածք դուրսբերման հեռանկարների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին, ինչի մասին հայտարարվել էր ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համատեղ համակարգող կոմիտեի նիստին՝ Աշոտ Մարտիրոսյանը մատնանշել է այդ նախագծի քաղաքական բնույթը:  Նա ընդգծել է, որ ԱՄՎ արտահանումը կարելի է իրականացնել բացառապես երկաթուղով, Ադրբեջանի տարածքով այդ հավանականությունը զրոյական է, իսկ Վրաստանի տարածքով կապված Է Աբխազիայում առկա խնդիրների հետ: Սակայն, ինչպես նկատել է Աշոտ Մարտիրոսյանը, եթե քաղաքական մակարդակով հարցը լուծվի, հնարավոր կլինի մտածել նաև խնդրի լուծման տեխնիկական կողմի մասին ։Կոմիտեի նախագահը թերահավատորեն է տրամադրված նաև Հայաստանում աշխատած միջուկային վառելիքի համար <գերեզմանոց> կառուցելու հնարավորությունների առնչությամբ։ <Այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրություններ է պահանջում, խնդիրը Հայաստանում համապատասխան տարածքների առկայության, երկրաբանական, երկրաքիմիական, բնապահպանական փորձաքննությունների անցկացման մեջ է>,-ասել է Աշոտ Մարտիրոսյանը: