Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, Իրանի մաքսային ծառայությունը եւ Վրաստանի մաքսային կոմիտեն մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում կիրականացնեն:
Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիայի աջակցության եւ սահմանային վերահսկողության ծրագրի շրջանակներում "Թվային լուծումներ սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար" միջազգային համաժողովի շրջանակներում։
Ինչպես պարզաբանել է Հայաստանի գլխավոր հարկայինը, Իրանի հետ համաձայնագրի շրջանակներում, օրինակ, եթե Իրանից Հայաստան բեռ է ձեխադրվում, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցներն այդ մասին անմիջապես տեղեկացնում են հայ գործընկերներին: "Արդյունքում՝ հայ մաքսավորներն այդ մասին կիմանան մինչև հայ-իրանական սահմանը հատելը", - նշել է նա: "Թվայնացումը դառնում է բոլոր ոլորտներում հաջողության գրավականը", - ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի եւ Եվրոպական միության հետ համագործակցությամբ նոյեմբերի 18-19-ը Երեւանում անցկացնում է "Թվային լուծումներ սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար" միջազգային խորհրդաժողովը, որը հարթակ է հանդիսանում միջազգային առևտրի խթանման և առևտրի ընթացակարգերի պարզեցման, գիտելիքների, փորձի և առևտրային ապրանքների և գործիքների թվայնացման նորարարական մեթոդոլոգիաների, ինչպես նաև մաքսային հսկիչ-անցագրային կետերի միջև տվյալների անդրսահմանային փոխանակմանը նպաստող առաջնահերթ միջոցառումների քննարկման համար: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն նաև անդրսահմանային համագործակցության ընդլայնման, առևտրի ընթացակարգերի պարզեցման և ռիսկերի կառավարման այլ տարբերակներ:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, դեսպաններ, տարբեր երկրների մաքսային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ: