Արմինֆո. Մինչև 2027 թվականը Հայաստանի սահմանին գազի գինը կբարձրանա մինչև 1 հազար խմ դիմաց 299 դոլար, նոյեմբերի 19-ին ՀՀ էներգահամակարգի զարգացման 2020-2036թթ. ծրագրի ներկայացման ժամանակ նման կանխատեսմամբ է հանդես եկել Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը:
Նրա խոսքով ՝ ներկրվող գազի գնի աճը կշարունակվի նաև 2027 թվականից հետո։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն գազի գնի բարձրացում, այլև՝ մինչև 2027 թվականը հայկական ատոմային էլեկտրակայանի փակում: Էլեկտրաէներգիայի սպառման ծավալը կաճի տարեկան միջինը 1,7 տոկոսով։ Աճի հիմնական դրայվերներ են շարունակում մնալ բնակչությունը (80%), առեւտրի ոլորտը (4,4%), գյուղատնտեսությունը (0.2%), արդյունաբերությունը (2,2): Կանխատեսվում է, որ մինչեւ 2028 թվականը երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում կորուստները կլինեն 8,2 տոկոսի մակարդակում (ներկայում ՝ 11 տոկոս - խմբ.): Փորձագետը նաև հիշեցրել է, որ 2021 թվականից ամբողջությամբ շահագործումից հանվելու է Հրազդանի ՋԷԿ-ը: Հզորությունների փոխհատուցման նպատակով նախատեսվում է, որ 2022 թվականին շահագործման կհանձնվի 55 ՄՎտ հզորությամբ <Մասրիկ-1> արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանը և Երևանի ՋԷԿ-ի 250 ՄՎտ հզորությամբ նոր ջերմային բլոկը, որը կառուցվում է իտալական <Ռենկո> ընկերության կողմից: Նախատեսվում է նաեւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց ծախսերը մինչեւ 2036 թվականը կկազմեն ավելի քան 40 մլն դոլար:
Միաժամանակ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մոտ ապագայում ռուսական գազի գնի բարձրացման հնարավորությունը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ եթե նույնիսկ 2020 թվականի հունվարի 1-ից գազի գնի փոփոխություն լինի, սպառողների վրա դա չի ազդի: Նրա խոսքով ՝ գնի փոփոխության դեպքում <Գազպրոմ Արմենիա> - ն պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), եւ դրանից հետո արդեն կսահմանվի գազի սակագինը սպառողների համար: <Ռուսաստանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31 - ին, այժմ բանակցություններ են ընթանում, և առայժմ որևէ տեղեկություն չկա>, - նշել է փոխնախարարը:
Նշենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում փոխնախարարը չի բացառել հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը նաեւ 2026 թվականից հետո: Նրա խոսքով՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը խաղացել և շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի էներգահաշվեկշռում։ <Ինչպես գիտեք, կայանում գործում է ՎՎԷՐ-440 ռեակտոր։ Նմանատիպ ռեակտորներ օգտագործող շատ պետություններ գնում են դրանց շահագործման ժամկետը երկարացնելու ճանապարհով։ Օրինակ, Կոլայի ԱԷԿ-ում այդ ժամկետը երկարացվել է մինչև 60 տարի։ Ելնելով այն հանգամանքից, որ 2026 թվականին կլրանա բլոկի շահագործման 40 տարին, ինչպես նաեւ հաշվի առնելով երկրորդ էներգաբլոկի պարապուրդի վեցամյա ժամկետը, ապա զուտ տեսականորեն հնարավոր կլինի թույլ տալ երկարացնել ոչ միայն մինչեւ 2040 թվականը, այլեւ մինչեւ 2046 թվականը: Բայց առայժմ, այս փուլում մենք խոսում ենք մինչև 2026 թվականը վերջնական ժամկետի մասին։ 2022-2023թթ. կայանում կիրականացվեն նոր մասշտաբային հետազոտություններ, որոնց արդյունքում վերջնական որոշում կկայացվի>,- նշել է փոխնախարարը: