Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 12:23
Նաիրա Բադալյան

ԵՏՀ Կոլեգիայի անդամը համոզված է, որ ՌԴ առևտրային ցանցերում հայկական արտադրանքի առկայության հարցն այսօր այնքան սուր չէ, որքան մի քանի տարի առաջ

ԵՏՀ Կոլեգիայի անդամը համոզված է, որ ՌԴ առևտրային ցանցերում հայկական արտադրանքի առկայության հարցն այսօր այնքան սուր չէ, որքան մի քանի տարի առաջ

Արմինֆո. Եթե մի քանի տարի առաջ հայկական բիզնեսը չէր կարող ուղղակիորեն աշխատել ռուսական առևտրային ցանցերի հետ, և ստիպված էր բիզնեսը վարել դիստրիբյուտորների միջոցով, ապա այսօր իրավիճակն այդ առումով շատ ավելի լավ է:

Այսպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը նոյեմբերի 20-ին կայացած <Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում> խորագրով համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում:

 

ԵՏՀ ներկայացուցչի խոսքով ՝ ներկայումս հայկական բիզնեսն իր արտադրանքով բավականին լավ ներկայացված է ռուսական առևտրային ցանցերում: Դա, ինչպես կարծում է Ժումանգարին Սերիկ Մակաշեւիչը, լավ փորձ է, քանի որ ռուսական շուկային բաժին է ընկնում ԵԱՏՄ 183 մլն-անոց շուկայի ավելի քան 85 տոկոսը, իսկ ռուսական առեւտրային ցանցերն, անշուշտ, գերիշխող դիրք են զբաղեցնում: <Դուրս գալ առեւտրային ցանցերի ռուսական շուկա նշանակում է առաջարկել շուկայի պահանջներին բավարարող լավ որակի ապրանք: Նշանակում է, որ հայ գործարարները կարողանում են կատարել առաջադրված խնդիրը, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ այստեղ զարգանում են որոշակի ապրանքատեսակներ, որոնք կարող են բավարար քանակություն ապահովել ԵՏՄ անդամ երկրի համար>,-նշել է նա։

 

Կոլեգիայի անդամը համոզված է, որ ՌԴ առևտրային ցանցերում հայկական արտադրանքի առկայության հարցն այսօր այնքան սուր չէ, որքան մի քանի տարի առաջ: <Հնարավոր է, այսօր ինչ-որ մեկը աշխատում է դիստրիբյուտորների միջոցով, ում դա ձեռնտու է։ Հաճախ դա լինում է նրանց մոտ, ովքեր ապրանքի մեծ տեսականի չունեն կամ չեն կարող մեծ ծավալներով արտադրանք մատակարարել>, - եզրափակել է ԵՏՀ ներկայացուցիչը։