Արմինֆո. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակացության հաստատումը։
Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։
Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |