Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019 12:58
Կարինա Մելիքյան

ՀԱԱԳ-ը 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է ապահովագրական պորտֆելի շուրջ 75% աճ

ՀԱԱԳ-ը 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է ապահովագրական պորտֆելի շուրջ 75% աճ

Արմինֆո.  «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հերթական խոշոր (մոտ 30 մլն ՀՀ դրամ) ապահովագրական հատուցումն է տրամադրել, այս անգամ՝ ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերություններից մեկին: Գործակալությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, իր գործունեության ընթացքում ՀԱԱԳ-ը մի շարք արտահանող ընկերություների արդեն իսկ տրամադրել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում՝ այդպիսով ծածկելով ՀՀ արտահանողների կրած վնասները և վերջիններիս համար ապահովելով առանց ռիսկերի արտահանում:

 

ՙԸնդ որում, ՀԱԱԳ 2019 թվականի գործունեության արդյունքում գրանցվել է ցուցանիշների զգալի աճ՝ 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով ապահովագրական պորտֆելի շուրջ 75 տոկոսանոց աճ: 100 տոկոս պետական մասնակցությամբ այս ընկերությունը Հայաստանի տարածքում գործող միակ ապահովագրական ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը: ՀԱԱԳ կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են  արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Առաջիկայում ՀԱԱԳ-ը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ֆինանսական կառույցների, ինչպես նաև միջազգային համանման ընկերությունների հետ՝ ներդնելով արտահանման խթանմանն ուղղված նոր ծառայություններ՚, - ասվում է հաղորդագրությունում։