Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 13:39
Ալինա Հովհաննիսյան

ԵՄ-ն Հայաստանին 69 մլն եվրո է հատկացրել էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի համար

ԵՄ-ն Հայաստանին 69 մլն եվրո է հատկացրել էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի համար

Արմինֆո. Գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ-ն Հայաստանին 69 մլն եվրո է հատկացրել էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի համար: Այս մասին նոյեմբերի 30-ին Վայք Եւ Սպիտակ քաղաքներում վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հնարավորություններ " ծրագրի փակման արարողության ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ աջակցությունը կրելու է շարունակական բնույթ։

 

Այդ կապակցությամբ նա նշել է, որ այս ծրագրի շրջանակներում 1 մլն եվրո գումարով վերանորոգվել է 45 շենք։  Բացի այդ, կառուցվել են 5 արևային ֆոտովոլտային կայաններ ՝ 1-ը Սպիտակ քաղաքում,  և 4-ը Վայքում:  Ծրագրի շահառուներ են դարձել Սպիտակում 1160 և Վայքում 2640 մարդ։

 

Տիկին Վիկտորինի խոսքով՝ էներգետիկան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: "Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը թույլ կտա Հայաստանին նվազեցնել ներկրվող էներգակիրներից կախվածությունը եւ կլիմայի վրա բացասական ազդեցությունը",

- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր հայկական էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման ծավալներն ավելացնելու մտադրության մասին:

Ինչպես նշվել է, հատուկ ուշադրություն է դարձվելու այլընտրանքային եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգետիկ արդյունավետության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերին: Այդ նպատակով նախատեսվում է անգամ ձևավորել էներգաարդյունավետության խորհուրդ, որը կկարգավորի ոլորտի նախագծերը։ Ծրագրերի իրականացման համար կներգրավվեն նաեւ ԵՄ "Արեւելյան գործընկերություն" ծրագրի միջոցները, որի շրջանակներում հանրապետությունը կստանա շուրջ 80 մլն եվրո: Եվս 300 մլն եվրո կուղղորդվի ԵՄ եւ եվրոպական ֆինանսական հաստատությունների կեղմից երկրի էներգետիկ համալիրի անվտանգության մակարդակի բարձրացման եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար: Միջոցների մեծ մասը կտրամադրվի վարկերի, մյուս մասը՝ դրամաշնորհների տեսքով։ 

Ընդ որում, առաջնահերթ են համարվելու էներգետիկ արդյունավետության ոլորտի նախագծերը, որոնք պետք է ուղղված լինեն էներգիայի ներմուծումից կախվածության նվազեցմանը, դրա աճող պահանջարկի համահարթմանը եւ ավելի մատչելի, տնտեսող, ինչպես նաեւ բնապահպանական էներգետիկ լուծումների տրամադրմանը: