Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտներին ինտեգրել արտաքին կամ առևտրային ծրագրերը ՀԴՄ-ի ծրագրին և արդյունքում կտրոնները տրամադրել ՀԴՄ սարքից տարբերվող սարքի միջոցով:
Այս եղանակով տպված կտրոնները կարող են ունենալ ցանկացած տեսք, օրինակ, ավելի լայն կամ երկար լինել: Սակայն ՀԴՄ կտրոն համարվելու համար պարտադիր է, որ դրանցում արտացոլվեն ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները: Սպառողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն կտրոնի հերթական` ութանիշ համարին (ԿՀ), հարկ վճարողի հաշվառման համարին (ՀՎՀՀ)` նվազագույնը 8 նիշ, տնտեսվարող սուբյեկտի անվանմանը, հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարին (ԳՀ)` նվազագույնը 8 նիշ:
Աղբյուրի համաձայն՝ կարևոր է իմանալ, որ ՀԴՄ կտրոններն ունենում են նաև չկրկնվող ֆիսկալային համար` 8 նիշից բաղկացած, որը գեներացվում է հարկային մարմնի կողմից մշակված հատուկ ալգորիթմով: Եթե կտրոնի վրա չկա ֆիսկալային համար, մեծ է ռիսկը, որ այն չի տպվում ֆիսկալավորման ռեժիմում: Հետևաբար նման կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն չի փոխանցվում հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
Այս ամենն իմանալով սպառողը կարող է տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից` ստուգելով պահանջվող տվյալների առկայությունը: Տնտեսվարողներից թերի տվյալներով կտրոններ ստանալու դեպքերի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |