Արմինֆո.Հայկական սփյուռքի ավելի քան 50 ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու «Ներուժ» ծրագրին: Այդ մասին դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը հայկական ծագումով տեխնոլոգիական տաղանդների ներուժի ներգրավման միջոցով. լավագույն բիզնես ծրագրերին տրամադրվելու են դրամաշնորհներ: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է 80,000.9 մլն դրամի չափով կատարել միջծրագրային վերաբաշխում: Ըստ հիմնավորման՝ շուրջ 24 մլն դրամն անհրաժեշտ է ուղղել սփյուռքից ժամանող մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման կամ փոխհատուցման ծախսերն իրականացնելու համար: Առաջարկվում է դրամաշնորհը տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության ՀԿ-ին: Միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. դեկտեմբերի 16-20-ը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը նաև ունի դրական երկրորդային ազդեցություն Հայաստան հայրենադարձության վրա, քանի որ ծրագրի արդյունքում հաղթող սթարթափները պարտավոր են գրանցել իրենց սթարթափը Հայաստանում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 օրյա բութքեմփ սթարթափների համար, որի ընթացքում տեխնոլոգիաների ոլորտի բիզնես քուչերի և մենթորների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություն և աջակցություն մրցութային հանձնաժողովի առջև իրենց սթարթափի ներկայացմանը նախապատրաստվելու համար: Բուն միջոցառման վերջին օրը սթարթափները կներկայացնեն իրենց գաղափարները, լուծումները և բիզնես ծրագիրը մրցութային հանձնաժողովին: Հաղթողների համար նախատեսված են մրցանակներ՝ դրամաշնորհի տեսքով։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |