Արմինֆո. ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն առաջարկել է արտասահմանյան ինտերնետ-խանութներից գնումների անմաքս ներմուծման շեմը նվազեցնել մինչև 20 եվրո: Ենթադրվում է, որ անմաքս ներմուծման շեմը կիջեցվի ԵԱՏՄ ողջ տարածքում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պաշտպանել է գաղափարը: Նա առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում քննարկել արտասահմանյան ինտերնետ-խանութներից ՌԴ անմաքս ներմուծում իրականացնելու շեմը նվազեցնելու առաջարկը՝ մինչև 100 եվրո 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրո 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրո 2022 թվականի հունվարի 1-ից:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կառավարության նախագահի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը, Սիլուանովն իր դիրքորոշումը հիմնավորում է այն բանով, որ անձնական օգտագործման ապրանքների առաքման ժամանակ ԱԱՀ և ներմուծման մաքսատուրք չի գանձվում, մինչդեռ ավանդական մանրածախ առեւտրում նշված վճարումներն առկա են: Արդյունքում ֆինանսների նախարարությունը նշում է շահույթի և հարկերի հոսքը Ռուսաստանից օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող ինտերնետ-խանութներ:
Ռուսական և արտասահմանյան առևտրի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաև բյուջեի կորուստները կանխելու համար անմաքս ներմուծման պայմաններն առաջարկվում է խստացնել, ընդ որում ՝ ԵԱՏՄ ողջ տարածքում։
2019 թվականից արտասահմանյան ինտերնետ-խանութներում գնումները հարկվում են տուրքերով, եթե դրանց արժեքը գերազանցում է ամսական 500 եվրոն: 2020 թվականին այդ մակարդակը նախատեսվում էր նվազեցնել մինչեւ 200 եվրո։ Նախկինում անմաքս ներմուծման շեմը կազմում էր հազար եվրո։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նույնպես Ռուսաստանի հետ սինխրոն 2020 թվականից իջեցնում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից անմաքս փոստային ներմուծման ապրանքների արժեքն ու քաշը: ՀՀ Պետեկամուտների կոմիտեն արդեն տեղեկացրել է երկրի բնակչությանն անմաքս նշաձողը մինչև 200 եվրո և 31 կգ իջեցնելու մասին: