Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։
Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։
Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։ Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։
Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն ու եզրակացությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։
Դեռ ընթացիկ տարվա ապրիլին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացրել` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ. «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներե: Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչև եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: