Արմինֆո.Հայկական պարենային արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացման կարիք ունի։ Արտահանման կենտրոնացումը մի քանի հիմնական շուկաներում որոշակի ռիսկեր է առաջացնում հայ արտահանողների համար, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է <Էքսպորտ Արմենիա> (Export Armenia) փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Փորձագետը նշել է, որ հայկական մսամթերքի երեք քառորդը արտահանվում է Վրաստան, մեղրի 80 տոկոսը ՝ ԱՄՆ, պանրի եւ չրերի ավելի քան 90 տոկոսը ՝ Ռուսաստան, <կենդանի պահածոների>՝ գառան մսի 99 տոկոսը Իրան, և այդ ցուցակը կարելի է շարունակել: <Արդեն ժամանակն է լրջորեն մտածել այն մասին, թե ինչ կլինի, եթե ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով այդ շուկաներում խնդիրներ առաջանան>, - հարց է տալիս Ստեփանյանը: Նրա կարծիքով, արտահանողները, անշուշտ, իրենք պետք է կառավարեն իրենց ռիսկերը, իսկ պետական մարմինները ՝ ապահովեն ոլորտների և ընդհանուր առմամբ տնտեսության անվտանգությունը։
Եվ, այնուամենայնիվ, ինչպես կարծում է փորձագետը, պետությունը չպետք է հույսը դնի տեղի գործարարների ռազմավարական բիզնես մտածողության վրա ։ Պետք է ստեղծվեն ծրագրեր, որոնք արտահանողներին կուղղորդեն դեպի նոր շուկաներ։ <Էքսպորտ Արմենիա> ասոցիացիայի ղեկավարը կարծում է, որ իր ղեկավարած կազմակերպությունը քաջատեղյակ է հայկական արտահանման խնդիրներին և ունի մասնագիտական խորը տեսլական, թե ինչպես լուծել այդ խնդիրները:
<Կարելի է սկսել փոքր պիլոտային նախագծերից: Որպես պարզ, բայց արդյունավետ լուծումներից մեկը ՝ մենք առաջարկում ենք ընտրել կոնկրետ ապրանքներ (օրինակ ՝ նույն չրերը) և ֆինանսապես խթանել դրանց ելքը նոր շուկաներ։ Ավելի լավ է փաթեթավորված տեսքով՝ ավելացնելու համար արժեքը, նպաստելով ապրանքի պրեմիալ ձևավորման մշակույթի զարգացմանը: Հայկական արտահանման դիվերսիֆիկացման համար կարևոր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ ավիափոխադրումների զարգացմանը։ Նոր ուղղությունները կնպաստեն նաև սպառման շուկաների դիվերսիֆիկացմանը, կնվազեն բեռնափոխադրումների սակագները։ Ավիափոխադրումների էժան սակագները հատկապես կարեւոր են սկսնակ արտահանողների հաջողության համար, որոնք առաջին փորձնական խմբաքանակներն օդով են ուղարկում>, - իր կարծիքն է հայտնել Ստեփանյանը ։
Այս համատեքստում Էմիլ Ստեփանյանը օրինակ է բերել Ուզբեկստանից գյուղմթերքի արտաքին շուկաներ ավիափոխադրումները։ <Սակագներն այնտեղ պարզապես չնչին են՝ մեր համեմատ: Ուզբեկստանում կառավարությունն ակտիվորեն սուբսիդավորում է բեռնատար ավիափոխադրումները։ Ես կոչ չեմ անում մեր կառավարությանն անել նույնը՝ նույն ծավալով։ Մշտական սուբսիդիան սխալ է։ Բայց բեռնափոխադրումների աջակցությունը, լինի դա ցամաքային, թե օդային, սկսնակ արտահանողների համար տեղին կլիներ>, - նշել է նա ։