Արմինֆո. ՎԶԵԲ-ը եւ Եվրամիությունը (ԵՄ) ընդլայնում են իրենց աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում , Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) նոր ֆինանսական ծրագրով:
Բանկը այդ երկրների ֆինանսական հաստատություններին կտրամադրի ավելի քան 250 մլն եվրո ընդհանուր գումարի վարկային գծեր՝ փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների մրցակցային դիրքերի ամրապնդման համար:
Բանկի հաղորդագրության համաձայն, վարկերը կօգնեն ՓՄՁ-ներին օգտվել այն հնարավորություններից, որոնք երկրների համար բացում են խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ծրագիրը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ գործընկերության այլ համաձայնագրերի շրջանակներում, ինչպես՝ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA):
Դրա հետ մեկտեղ, ծրագրի շրջանակում ԵՄ-ն տրամադրում է 67,6 մլն եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհներ ՝ տեխնիկական օգնության միջոցով այդ ներդրումներին աջակցելու համար, որը կբարձրացնի ՓՄՁ-ների իրազեկվածությունը բարձր շուկայական ներուժ ունեցող կանաչ տեխնոլոգիաների մասին եւ կստեղծի ներդրումային խթաններ: ԵՄ-ն նաեւ կաջակցի ծրագրին ՝ ֆինանսավորելով այն տեղական արժույթով։
Ակնկալվում է, որ նոր միջոցները հասանելի կլինեն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում ։ EU4Business-EBRD վարկային գիծը արդեն հասանելի է Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, այն երկրներում, որոնք արդեն ստորագրել են ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:
"Սա ՎԶԵԲ - ի եւ տարածաշրջանում մեր առանցքային գործընկերոջ՝ ԵՄ-ի համար առաջնային նախագիծ է", - ասել է ՎԶԵԲ-ի քաղաքականության եւ գործընկերության գծով փոխնախագահ Պիեռ Հայլբրոնը: "Մենք աշխատում ենք միասին, որպեսզի բարելավենք մարդկանց կյանքը եւ կառուցենք կայուն եւ ինտեգրված տնտեսություն", - ընդգծել է նա:
ՎԶԵԲ-ը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է: Այսօրվա դրությամբ բանկը մոտ 27 մլրդ եվրո է ներդրել վեց երկրներում եւ աջակցել է ավելի քան 1200 նախագծերի: