Արմինֆո. Արմսվիսբանկը, ՀՀ Կենտրոնական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, ձեռնամուխ է եղել Գերմանական զարգացման բանկի՝ KfW "Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար" վարկային ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը:
Ինչպես Արմինֆո-ին պարզաբանել են Արմսվիսբանկի մամլո ծառայությունում, ծրագրային ֆինանսավորումն ուղղված կլինի ՓՄՁ սուբյեկտների կողմից էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման խթանմանը եւ էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում ներդրումներ կատարել բարձր արդյունավետույթյամբ սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման գործում:
Ծրագրի վերահսկումն ու վարչարարությունը կիրականացվի "Գերմանահայկական հիմնադրամ" ծրագրի կառավարման գրասենյակի կողմից:
Հատկանշական է, որ էներոգարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորումը Արմսվիսբանկի ռազմավարական ուղղություններից մեկն է: Այս ոլորտում բանկը սկսել է ֆինանսավորել դեռեւս 2006 թվականից' սկսելով փոքր ՀԷԿ-երի նախագծերից:
Մասնակցելով մի շարք միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում KfW-ի եւ EBRD-ի վարկային ծրագրերին ' ուղղված էներգաարդյունավետությանը եւ վերականգնվող էներգիային, Արմսվիսբանկը, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, զգալի արդյունքների է հասել: Մասնավորապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում Արմսվիսբանկը ֆինանսավորել է արեւային կայանների կառուցման շուրջ 50 նախագծեր, այդ թվում՝ ներկայումս արդեն Հայաստանում գործող 2 ամենամեծ արդյունաբերական նշանակության: Բացի այդ, բանկի ֆինանսական աջակցությամբ տասնյակ ընկերություններ ներդրել են գերժամանակակից և էներգախնայող սարքավորումներ ՝ իրենց ամենօրյա գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:
"Կարևորելով գլոբալ տաքացման առնչությամբ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմացման անհրաժեշտությունը եւ վերականգնվող էներգիայի ու էներգաարդյունավետ սարքավորումների դերը՝ Արմսվիսբանկը կշարունակի
ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ
տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսավորման առավելագույն բարենպաստ պայմաններ տրամադրելու նպատակով", - նշված է աղբյուրի մեջ:
Նշենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից է։ KfW-ի ներդրումները վերջին 20 տարում գերազանցել են 510 մլն եվրոն ավելի քան 15 ծրագրերի գծով, այդ թվում՝ ՓՄՁ, ագրոարդյունաբերական, էներգետիկ համալիր, էկոլոգիայի եւ ֆինանսաբանկային ոլորտներում: Հայաստանի արտաքին պարտքը Բանկի հանդեպ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հասել է 343.2 մլն դոլարի (ՀՀ ընդհանուր արտաքին պարտքի 6.2%)՝ մեկ տարվա ընթացքում աճելով 16% - ով:
Հիշեցնենք, որ "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին: 2020թ. հունվարի 1 - ի դրությամբ Արմսվիսբանկի 87,53% բաժնետերը "HBS Holding" ՍՊԸ - ն է, իսկ մնացած 12,47% - ը՝ "FMTM Distribution" LTD-ն: Տեղին է նշել, որ Արմսվիսբանկը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման միջազգային մի շարք վարկային ծրագրերի մասնակից: