Արմինֆո. Համաշխարհային բանկը 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի՝ մինչև 5,1% դանդաղում է սպասում, 2021 և 2022թթ. մինչեւ 5,2% արագացմամբ: Նորացված կանխատեսումը հրապարակվել է 2020թ. հունվար ամսվա <Համաշխարհային տնտեսության հեռանկարները> զեկույցում (Global Economic Prospects):
Մասնավորապես, ԵԱՏՄ երկրների համար ՀԲ-ն տվել է հետևյալ կանխատեսումները. Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը 2020 թվականին կկազմի 1,6 տոկոս (նախկինում սպասվում էր 1,7 տոկոս)՝ 2021 և 2022թթ. մինչև 1,8 տոկոս արագացմամբ, Բելառուսում 0,9 տոկոս՝ 2021 և 2022թթ. մինչև 0,5 տոկոս դանդաղմամբ, Ղազախստանում 3,7 տոկոս՝
2021թ. մինչև 3,9% տեմպերի արագացմամբ և 2022թ. մինչև 3,7% դանդաղմամբ, Ղրղըզստանում 4% (նախկինում սպասվում էր 3,7%) ՝ 2021թ. այդ տեմպերի պահպանմամբ և 2022թ. մինչև 4,2% արագացմամբ։
Հայաստանի հարեւան երկրներում ՀՆԱ-ի աճը 2020 թվականին սպասվում Է 4,3 տոկոսի մակարդակում Վրաստանում՝ 2021 և 2022թթ. մինչեւ 4,5 տոկոս արագացմամբ, Ադրբեջանում 2,3 տոկոս՝ 2021 եւ 2022թթ. մինչեւ 2,1 տոկոս դանդաղմամբ, Թուրքիայում 3 տոկոս՝ 2021 և 2022թթ. մինչեւ 4 տոկոս արագացմամբ:
<Մասնավոր սպառումը, հզոր արտադրական գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման ծավալների վերականգնումը Հայաստանում նպաստել են Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը՝ մոտավորապես մինչեւ 3,7 տոկոս 2019 թվականին>, - նշված է զեկույցում:
Կանխատեսումների համաձայն, Հարավային Կովկասում տնտեսական աճի տեմպերը 2020 թվականին կնվազեն մինչև 3,1 տոկոս: Միջնաժամկետ հեռանկարում տնտեսության հետագա աճի պայման կհանդիսանա մասնավոր հատվածի ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների շարունակումը, ինչպես նաեւ մարդկային կապիտալում ներդրումները՝ կրթության որակի բարձրացման և պահանջվող հմտությունների ձեւավորման համար:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ՀԲ-ի կանխատեսման համաձայն, 2019 թվականին սպասվում է Հայաստանում, որին հաջորդում են Տաջիկստանը ՝ 6,2 տոկոս, Ուզբեկստանը ՝ 5,5 տոկոս եւ Թուրքմենստանը ՝ ՀՆԱ - ի 5 տոկոս աճով: Իսկ 2020 թվականի ՀՆԱ - ի աճի առնչությամբ Համաշխարհային բանկը կանխատեսում է ամենաբարձր տեմպերն Ուզբեկստանում ՝ 5,7 տոկոս, Տաջիկստանում ՝ 5,5 տոկոս եւ Թուրքմենստանում ՝ 5 տոկոս:
Սպասվում է, որ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպերը 2020 թվականին կամրապնդվեն մինչեւ 2,6 տոկոս ՝ հիմնական հումքային ապրանքների գների կայունացման, եվրոյի գոտում աճի եւ Թուրքիայի (մինչեւ 3 տոկոս) եւ Ռուսաստանի (մինչեւ 1,6 տոկոս) տնտեսության աճի տեմպերի վերականգնման պայմանով: Կենտրոնական Եվրոպայի երկրներում տնտեսական աճի տեմպերը, ինչպես սպասվում է, կդանդաղեն մինչեւ 3,4 տոկոս ՝ բյուջետային աջակցության միջոցների էֆեկտի թուլացման և ժողովրդագրական խնդիրների պահպանման ֆոնին, մինչդեռ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, կայուն կաճի բարձր տեմպերով՝ կառուցվածքային վերափոխումների իրականացման շնորհիվ:
2020 թվականին համաշխարհային տնտեսության աճը, ՀԲ-ի զեկույցի համաձայն, մի փոքր կարագանա եւ կհասնի 2,5 տոկոսի ՝ նախորդ տարվա էական անկումից հետո ներդրումների եւ առեւտրի աստիճանական վերականգնման ֆոնին, սակայն այդ ցուցանիշների նվազման ռիսկերը պահպանվում են:
Նշենք, որ Համաշխարհային բանկի գնահատման համաձայն՝ Հայաստանում տնտեսության աճը 2019 թվականի արդյունքներով կկազմի 6,9 տոկոս:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 4,6 տոկոսով ՝ 2020թ. - ին մինչև 4,5 տոկոս դանդաղմամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է այն՝ 6,7-7,2% միջակայքում: 2020 թվականի համար ԿԲ-ն և կառավարությունը հանդես են եկել՝ ԱՄՀ-ին համանման աճի կանխատեսմամբ: