Արմինֆո.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի բացառում գազի սակագինը բարձրացնելու հայտով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հնարավորությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում: Աղբյուրի համաձայն, հարցն այժմ ուսումնասիրվում է, և վերջնական որոշումը կարող է կայացվել առաջիկայում:
Նման հայտ ներկայացնելու հնարավորույթյան մասին երեկ բարձրաձայնել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ Lragir.am-ում հրապարակված հարցազրույցում: Նա, մասնավորապես, նշել էր, թե ՙսահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: ՙԱյսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է», - ասել էր ՀԾԿՀ ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավարտին «Գազպրոմ Արմենիան» հաղորդել էր «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ հետ ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագրի ստորագրման մասին, որի համաձայն, 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի, այսինքն, կմնա 1000 խմ դիմաց 165 դոլարի մակարդակում՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն: 2019 թվականի ողջ ընթացքում ընկերությունն իր ներքին աղբյուրների հաշվին ծածկում էր 15 դոլարը, դրանով իսկ նպաստելով, որպեսզի վերջնական սպառողի համար ներքին սակագինը պահպանվի նախկին մակարդակում: Սակայն, ինչպես նշել է ՀԾԿՀ ղեկավարը, ՙդա հավերժ չի կարող լինել»: «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,- ասել է Գարեգին Բաղրամյանը, հավելելով, թե՝ ՙդեռևս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի՚: