Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 11:33
Մարիաննա Մկրտչյան

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

 

Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը և Շունիչի Միանագան ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումը Տոկիոյում:

Նրանք խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

 

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ։

 

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ: