Արմինֆո.Կառավարությունը շարունակելու է աջակցել ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, բայց՝ արդեն մրցութային կարգով: Այդ մասին հունվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՀաջորդ փաստը, որին ես ուզում եմ անդրադառնալ և որը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել, վերաբերում է «Արմաթ» լաբորատորիաներին: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը. ուրեմն, «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2014 թվականին: 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ֆինանսավորվել է 188 մլն դրամ, ուշադրություն դարձրեք թվերին՝ 2014-2017 թվականներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից: 2018 և 2019 թվականներին պետական բյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ, այսինքն՝ 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, 2 տարվա ընթացքում՝ 1 մլրդ 296 մլն դրամ, ընդ որում՝ սրա մեծ մասը այդ թվում պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից: Հաջորդը՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է, բացվել է՝ էլի 3 տարվա ընթացքում 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այսինքն՝ մենք տարիուկեսում կրկնակիից ավելի ենք բացել, կրկնակի աճել է թիվը, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ինչո՞ւմն է այդ պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք հիմա ունենք հանրապետությունում 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, և մենք ասում ենք հետևյալը՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և ինչպես կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո մինիմումը պետք է անենք, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից և պետք է անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները պետք է իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի «Արմաթ» կազմակերպությանը, մյուս կազմակերպությանը, և ով կտա մեզ բովանդակություն-գին լավագույն առաջակը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն: Ընդ որում՝ հնարավոր է, որ մենք լոտեր ունենանք և ըստ այդ լոտերի առաջնորդվենք: Սա էլ այդ մի մանիպուլյացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը՚, - ասել է վարչապետը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ 575 լաբորատորիաների հետ կապված՝ իրենք գումարը տվել են մեկ կազմակերպության, այսինքն, մեկ կազմակերպությունն է այդ ամբողջն արել, որոնցից 284-ը՝ այդ 834 մլն դրամը, որ տրվել է, և իրենք գնում են կատարել և ներդրել են, և մինչև այդ իրականացված ծրագիրը եղել է հետևյալ սկզբունքով. իրենք իրենց միջոցներով, հովանավորների միջոցներով ներդրում են արել, նախարարությունն ամբողջությամբ իր վրա վերցրել է աշխատավարձային ֆոնդը: ՙԲայց իրականացրել է ամբողջությամբ «Արմաթ» լաբորատորիան՚, - ասել է նախարարը:
ՙՇատ լավ: Այսինքն՝ մենք միլիարդից ավելի ենք ծախսել տարիուկեսի ընթացքում, իսկ նախորդ 3 տարվա ընթացքում 188 մլն է ծախսվել պետական բյուջեից: Այդ վիճակագրությունն արդեն ամեն ինչ ցույց է տալիս, և ես չեմ հասկանում՝ այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք: Այս թվերը թող իրենք հրապարակեն, որից հետո միայն էժան շահարկումների դաշտ մտնեն՚, - եզրափակել է վարչապետը: