Արմինֆո.Երևանն ընտրվել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021 թվականի տարեկան ժողովի անցկացման վայր: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՙՔիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը:
Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է #ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական։ Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար՚, - գրել է փոխվարչապետը։
Ավելի վաղ Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հաղորդել էր, որ 2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կփորձի Հայաստանում իրականացնել շուրջ 15 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո: Նրա հավաստմամբ, ընթացիկ տարում Բանկը կկենտրոնանա մասնավոր հատվածի վրա, սակայն, նախատեսվում է համագործակցություն նաեւ պետական հատվածի հետ: Մասնավորապես, բանկը նախատեսում է ընդլայնել գործունեությունը էներգետիկ ոլորտում' հաշվի առնելով էներգախնայողական նախագծերի իրականացմամբ ՀՀ կառավարության շահագրգռվածությունը: Բացի այդ, ԵՄ հետ համատեղ նախատեսվում է տրանսպորտային ոլորտի եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: "Ծրագրերի իրականացման ուղղությամբ մենք բանակցություններ ենք վարում ՀՀ փոխվարչապետի հետ, որը ղեկավարում է ՎԶԵԲ - ի հետ Հայաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության հետ՝ հետազոտելով նաեւ այլ հնարավորություններ", - նշել էր Գվինդաձեն:
Հավելենք, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է 1992 թվականից: ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1.4 մլրդ եվրոյի: Հայաստանում բանկի պորտֆելի 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: