Արմինֆո.National Geographic Traveler-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Երեւան: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում է գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՏուրիստական թեժ տարի ենք ունենալու: Հույս ունեմ՝ մեր շատ հայրենակիցներ կօգտվեն աշխատանքով աղքատությունը հաղթահարելու, հարստանալու եւ հարստացնելու մեր առաջարկած բանաձեւից՚, - գրել է վարչապետը:
Հավելենք, որ ճամփորդական ամենահայտնի հրատարակություններից մեկը՝ National Geographic Traveler-ը, Երեւանը ներառել է 2020 թվականի ամենաթեժ ուղղությունների շարքում: Պարբերականը Երեւանն անվանել է աշխարհի այն քաղաքներից մեկը, որը բնակեցված է հնագույն ժամանակներից: Նաև նշվում է, որ այժմ Երեւան հասնելն ավելի դյուրին է դարձել, քանի որ աշխարհի տարբեր կետերից այնտեղ են տանում բյուջետային ավիափոխադրողներ: «Լոուքոսթերները ուղղություններ են բացել դեպի Երեւան նաեւ Իտալիայից: Սա նշանակում է, որ Լոնդոնից Հայաստան կարելի է հասնել՝ վճարելով ընդամենը 100 ֆունտ», - գրում է պարբերականը: Հեղինակները նշում են, որ Երևանը ճանապարհորդների համար հետաքրքիր կլինի ոչ միայն իր հարուստ անցյալով, այլեւ յուրահատուկ խոհանոցով եւ գինու հնամենի ավանդույթներով:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2019 թվականին Հայաստան է այցելել 1.7 մլն զբոսաշրջիկ, ինչը 10.5% - ով ավելի է 2018 թվականի ցուցանիշից: Իսկ Հայաստանից մեկնել է 1.6 մլն մարդ, ինչը 9.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2017 թվականի տվյալների հետ համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018-2019 թվականներին արձանագրվել է զբոսաշրջային հոսքի բարձր դրական սալդո, մինչդեռ 2016 թվականին սալդոն բացասական է եղել՝ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներն ավելի շատ են եղել, քան Հայաստան այցելած զբոսաշրջիկները։ Բրիտանական Independent ինտերնետ-պարբերականի տեղեկություններով, որը վկայակոչում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) "Միջազգային տուրիզմի բարոմետր" հետազոտության հունվարյան հրապարակումը, Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների երկու տասնյակում: Հայաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը՝ 2019 թվին զբոսաշրջության 14,4% աճով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |