Ուրբաթ, 7 Փետրվարի 2020 13:01
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը: Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության և թափանցիկության կարևորությունը:

 

«ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարևոր է: Առանձնակի կարևորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաև տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», - նշել է նախարարը:

 

Տիգրան Խաչատրյանը կարևորել է նաև Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը:

 

«Երևան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», - ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։

Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը:

 

Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք և մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարևորել է միջազգային փորձագիտական աջակցությունը:

 

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության և արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը: