Արմինֆո. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում այսօր քննարկվել է ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը, և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ: «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ: Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կից ներկայացվող շնորհանդեսից (պրեզենտացիա):
«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը, այսօր տեղի է ունենում այս գործով առաջին նիստը: Դիմել ենք 3 պետական մարմինների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետական եկամուտների կոմիտե շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին, Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար»,-նիստի դռնբաց հատվածից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նաև պարզաբանել է, որ ՏՄՊՊՀ-ն դիմումը մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար, եթե երկարաձգման վերաբերյալ որոշումներ չեն կայացվում: Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաև պայմանով թույլատրելու վերաբերյալ:
Գեղամ Գևորգյանը հավաստիացրել է, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով, և այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների: