
Արմինֆո. Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն>,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ մինչեւ մարտի կեսերը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների պահանջարկը լիովին կբավարարվի։ Նրա խոսքով՝ 2018 թվականին երկրի կառավարությունը որոշում է ընդունել հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման մասին, ինչը նշանակում է ստեղծել ՀԴՄ ներմուծելու բիզնեսի համար հնարավորություններ:
Այն ժամանակ "Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպություն է դիմել 13 սուբյեկտ, որոնք հայտարարել էին նոր սերնդի ապարատների մատակարարումներ սկսելու իրենց մտադրության մասին։
Սակայն հետագայում սուբյեկտների թիվը կրճատվել է ՝ հասնելով երկուսի։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ներմուծել ՀԴՄ-ների նոր խմբաքանակ, որոնց նկատմամբ ներկայում ավարտվում է թեստավորման փուլը, եւ մոտ ժամանակներս կսկսվի դրանց վաճառքը: Ընդհանուր առմամբ, նորագույն սերնդի սարքեր ստանալու համար ստացվել է 11 հազար հայտ։ "Մատակարարները մեզ հավաստիացրին, որ մինչև փետրվարի վերջը ողջ պահանջարկը կբավարարվի, սակայն մենք պրագմատիկ մոտեցանք, համարելով, որ խնդիրը կկարգավորվի մինչև մարտի կեսերը", - նշել էր ՊԵԿ նախագահը: Նա նաեւ հաղորդել էր, որ ներկայում շրջանառության մեջ են գտնվում 67 հազար հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնցից 50 հազարը նոր սերնդի են, իսկ 17 հազարը՝ հին։