Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառֆայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։
Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։
Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։
Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովը տեղի կունենա այս տարվա աշնանը Լյուքսեմբուրգում:
Նշենք նաև, որ 2021 թվականի գարնանը Երևանում կանցկացվի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը: Ավելի վաղ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հաղորդել էր, որ 2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կփորձի Հայաստանում իրականացնել շուրջ 15 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո:
Ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը կկենտրոնանա նաեւ մասնավոր հատվածի վրա, սակայն, ըստ նրա, նախատեսվում է համագործակցություն նաեւ պետական հատվածի հետ: Մասնավորապես, բանկը նախատեսում է ընդլայնել գործունեությունը էներգետիկ ոլորտում ' հաշվի առնելով ՀՀ կառավարության շահագրգռվածությունը էներգախնայողական նախագծերի իրականացման հարցում: Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ համատեղ, նախատեսվում է տրանսպորտային ոլորտի եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: "Ծրագրերի իրականացման ուղղությամբ մենք բանակցություններ ենք վարում ՀՀ փոխվարչապետի հետ, որը համակարգում է ՎԶԵԲ - ի հետ Հայաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության հետ ՝ հետազոտելով նաեւ այլ հնարավորություններ", - նշել էր Գվինդաձեն:
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է 1992 թվականից։ ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1.4 մլրդ եվրոյի: Հայաստանում բանկի պորտֆելի 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: