Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։
Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անց են կացվել տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել էր Հայաստանին 50 մլն դոլարի վարկի տրամադրումը "Առեւտրի եւ որակի ենթակառուցվածքի խթանում" ծրագրի ֆինանսավորման շրջանակներում: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59,54 մլն դոլար, որից 9,54 մլն դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը: Համաշխարհային բանկը IBRD-ին 50 մլն դոլարի փոխառություն կտրամադրի լողացող տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով եւ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով: Ծրագիրն ուղղված է ծառայությունների որակի բարձրացման հարցում կառավարության կարողությունների հզորացմանը ՝ արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման նպատակով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիրառել "Արտահանողների զարգացում" դրամաշնորհային ենթածրագիրը, որն իրականացվելու է "Ներդրումների աջակցության կենտրոն" հիմնադրամի կողմից: