Արմինֆո. Փետրվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:
Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:
«Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |