Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2020 17:20
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները:

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը:

 

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

 

Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը: