Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020 10:52
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկը հետազոտություն է հրապարակել վերնախավերի կողմից օգնության յուրացման վերաբերյալ, այդ թվում՝ նաև Հայաստանում

Համաշխարհային բանկը հետազոտություն է հրապարակել վերնախավերի կողմից օգնության յուրացման վերաբերյալ, այդ թվում՝ նաև Հայաստանում

Արմինֆո.Համաշխարհային բանկն իր կայքում հրապարակել է «Արտասահմանյան օգնության յուրացումն էլիտաների կողմից։ Վկայություններ օֆշորային հաշիվներից» հետազոտությունը: Փաստաթղթում հիշատակվում է 22 երկիր, որոնց թվում՝ նաև Հայաստանը:

   

Հետազոտության հեղինակները երեք տնտեսագետներ են, այդ թվում՝ Համաշխարհային բանկի աշխատակից: Նրանք ուսումնասիրել են Համաշխարհային բանկի արտոնյալ վարկերից ու դրամաշնորհներից առանձնակի կախում ունեցող ավելի քան քսան երկրների տարադրամի փոխանակմանն առնչվող տվյալներ, և պարզվել է, որ զգալի ծավալով օգնություն ստանալու դեպքում, այսինքն՝ ՀՆԱ-ի 1%-ից ավելի, երկրից գրեթե անմիջապես գումարի արտահոսք է սկսվում դեպի օֆշորներ։ Միջին հաշվով, դա կազմում է ստացածի 7,5%֊ը։ Սակայն, հնարավոր է, գողանում են ավելի շատ, վկայակոչում է հետազոտությունը ՙԲի Բի Սի՚-ն:

 

«Այս համեստ ծավալները ներքին շեմն է, քանի որ հաշվի են առնում միայն արտասահմանյան բանկային հաշիվներին ուղարկված միջոցները և չեն ներառում անշարժ գույքի և շքեղության այլ առարկաների վրա ծախսված գումարները»,- ասվում է հետազոտության մեջ։

 

Փորձագետները նշում են, որ եթե օգնության ծավալը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը բնորոշ է ծայրահեղ աղքատ երկրների համար, հաշվի առնելով այդ երկրների տնտեսության փոքր ծավալները, ապա դեպի օֆշորներ հոսքը կրկնապատկվում ու կազմում է տրամադրված օգնության 15%-ը։ «Գրեթե անսխալ կարելի է պնդել, որ տրամադրված օգնությունից դեպի օֆշորային հաշիվներ հոսքերից օգուտ շահողները տնտեսական էլիտայի ներկայացուցիչներն են», – եզրակացնում են հետազոտության հեղինակները։

 

Հետազոտությունն ընդգրկել է 22 երկիր․Ղրղզստան, Հայաստան, Աֆղանստան, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Գանա, Գայանա, Գվինե Բիսաու, Զամբիա, Մավրիտանիա, Մդագասկար, Մոզամբիկ, Մալավի, Մալի, Նիգերիա, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սիերա Լեոնե, Տանզանիա, Ուգանդա, Էրիթրեա, Եթովպիա։ Այս երկրներն են ընտրվել, քանի որ տրամադրվող օգնության ծավալներն իրենց տնտեսության համեմատությամբ զգալի են, իսկ տեղական բանկային համակարգը զարգացած չէ կամ բացակայում է, ինչի արդյունքում հոսքերն լավ տեսանելի են։

 

ՙԲի Բի Սի՚-ն նշում է, որ փաստաթղթի հրապարակմանը նախորդել են սկանդալային հանգամանքներ. հետազոտությունը պատրաստ է եղել նոյեմբերին, սակայն այն հրապարակել Համաշխարհային բանկը որոշել է միայն հիմա, դա բացատրելով այն հանգամանքով, որ հետազոտության հրապարակումը հետաձգվել է ՙհետևությունների հիմնավորվածության առնչությամբ եղած կասկածների՚ պատճառով: