Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2020 17:01
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մինչև 2030 թ. նախատեսում է ընդունել մինչև 7 մլն զբոսաշրջիկ

Հայաստանը մինչև 2030 թ. նախատեսում է ընդունել մինչև 7 մլն զբոսաշրջիկ

Արմինֆո. Մինչեւ 2030 թվականը Հայաստանը նախատեսում է տարեկան մինչեւ 7 մլն զբոսաշրջիկ ընդունել։  Այս մասին փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

 

Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ նպատակային ցուցանիշին հասնելու համար Զբոսաշրջության կոմիտեն մշակել է զբոսաշրջության զարգացման ռազմավարություն, որն այս պահին ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը: <Մենք ունենք փաստաթուղթ, որում նշված են մեր տեսլականը և 10 տարվա բոլոր ծրագրերը>, - հավելել է Սաֆարյանը: Ավելին, մանրամասն վերլուծության անցկացումից հետո, ինչպես նշել է Կոմիտեի ղեկավարը, հայտնաբերվել են օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են հայրենական զբոսաշրջային արդյունաբերության խթանմանը: Այս առումով զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել է զբոսաշրջության մասին ՀՀ օրենքի մշակումը, որն այժմ գտնվում է ավարտական փուլում։

 

<10 տարվա ընթացքում մենք պետք է պատրաստ լինենք ընդունել մինչև 7 մլն զբոսաշրջիկ և նրանց Հայաստանում գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովենք՝ զբոսաշրջային ծառայությունների որակի, ենթակառուցվածքների պատշաճ վիճակի, օդանավակայանների պատրաստվածության տեսանկյունից>, - ասել է Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ մինչեւ 2030 թվականը անհրաժեշտ է ունենալ եւս 50 հյուրանոցային համալիր՝ զբոսաշրջային աճող հոսքին լիարժեք համապատասխանելու նպատակով: Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները ՝ Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել է 14,9 տոկոսով ՝ կազմելով 4.3 մլն մարդ, որից 1.9 մլն-ը զբոսաշրջիկներ են: Ընդ որում, նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է միջինը 15 տոկոսով, մինչդեռ 2018-ին Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճը կազմել է 10,5 տոկոս:  Թոփ-5-ում ավանդաբար տեղ են գտել զբոսաշրջիկներ Ռուսաստանից (855.6 հազար մարդ), Վրաստանից (344.6 հազար), Իրանից (160.7 հազար), ԱՄՆ-ից (63.2 հազար): Ընդ որում, Գերմանիային (39.6 հազար), որը մշտապես ընդգրկված էր առաջատար երկրների հնգյակում՝ Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկների առավել բարձր թվով, դուրս է մղել Ղազախստանը (39.8 հազար)։

 

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, կոմիտեի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2019 թվականի արդյունքներով Գերմանիայից եւ Ֆրանսիայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է՝ համապատասխանաբար 40 և 20 տոկոսով:

 

<Նման աճի նշաձողը հաջողվել է ապահովել տարբեր մարքեթինգային արշավների և պետական հատվածի ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ>, - ընդգծել է նա:

 

Այդ համատեքստում կոմիտեի ղեկավարը նշել է, որ 2020 թվականին եվրոպական 2 բյուջետային ավիաընկերությունների (Ryanair և Wizzair) կողմից հայկական շուկա մուտք գործած 12 նոր եվրոպական ուղղությունների գործարկման արդյունքում ակնկալվում է Եվրոպայի մի շարք երկրներից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ավելացում:

 

Բրիտանական Independent ինտերնետ-պարբերականի տեղեկություններով, որը վկայակոչում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) <Միջազգային տուրիզմի բարոմետր> հետազոտության հունվարյան հրապարակումը, Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների երկու տասնյակում: Հայաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը՝ 2019 թվին զբոսաշրջության 14,4% աճով: