Երկուշաբթի, 2 Մարտի 2020 16:33
Մարիաննա Մկրտչյան

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամ

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամ

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց փետրվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց նա, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 219,4 տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցեց 26,4 հազարը, աճելով 8,4%-ով: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացան 30%, տեղականները՝ 7,6%:

 

Ինչպես հաղորդում է ԿՀԵ մամուլի ծառայությունը, միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով արտաքին տնտեսական իրավիճակը,  որոշ անկում է ցուցադրել բեռնաշրջանառությունը (0,2% նախորդ տարվա հետ համեմատ), երկաթուղային արտահանումը (23,5%)՝ տեղական փոխադրումների  13%-նոց աճի ֆոնին:

 

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները, բեռնատար վագոնների արտադրողականությունն ու շրջանառությունը:

 

Տարվա կտրվածքով 24%-ով ավելացել է նաև երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 251 հազար դրամ: Իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է մոտ 1%-ով:    

 

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում են գնացքների անվտանգությանն ու ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները: Մասնավորապես արդեն սկսվել է կոճերի փոխարինման գործընթացը, կատարվում է կոնտակտային ցանցի, քարշային տրանսֆորմատորների վերանորոգումը, կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

 

- 2020 թվականին Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը, - հայտնեց Ընկերության ղեկավարը:

 

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Ալեքսեյ Մելնիկովը նշեց Ընկերության աշխատանքի բոլոր ուղղությունների մանրակրկիտ դիտարկման, առավելագույնս արդյունավետ պլանավորման համակարգի կառուցման, բյուջեի տարբեր հոդվածների հավասարակշռության ապահովման, երկաթուղի ուևորների և բեռների նոր հոսքերի ներգրավման անհրաժեշտությունը:

 

Որպես առաջնահերթ խնդիրներից մեկը ՀԿԵ ղեկավարը նշեց գնացքների անվտանգ երթևեկության համակարգի արդիականացումը, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերում սանիտարակենցաղային պայմաների կատարելագործումը: Վերջին կետը հատկապես կարևոր է դառնում Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցելու լույսի ներքո: Այդ կապակցությամբ երկաթուղու պետը հանձնարարել է ձևավորել հատուկ աշխատանքային շտաբ, անհրաժեշտ տեղեկատվական աշխատանք կատարել աշխատողների շրջանում, ուղևորափոխադրումները սպասարկող բոլոր աշխատակիցներին ապահովել լրացուցիչ պաշտպանության միջոցներով, մաքրող և ախտահանող միջոցներով: Նման քայլերն ուղղված են Ընկերության աշխատողների շրջանում հիվանդության կանխարգելմանը: 

 

- Շուտով նաև դպրոցներում սկսվելու է արձակուրդների սեզոնը և անհրաժեշտ է լրացուցիչ աշխատել երեխաների հետ՝ բացատրելով նրանց երկաթուղու վտարգավորությունը, որ ցանկացած խաղեր գծերի հարևանությամբ արգելվում են: Տեղական իշխանությունների հետ համատեղ անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանք կատարել քաղաքների և գյուղերի բնակիչների շրջանում՝ հաշվի առնելով, որ երկաթուղու հարևանությամբ նկատվում են աղբակույտեր, չթույլատրված կառույցներ, այգիներ: Հատկապես արդիական է երկաթուղային գծերի հարևանությամբ տնային անասունների արածեցման հարցը, ինչը վտանգավոր է ինչպես կենդանիների, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար, - ընդգծեց Ընկերության գլխավոր տնօրենը:

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: