Երեքշաբթի, 3 Մարտի 2020 18:57
Ալեքսանդր Ավանեսով

E5P հիմնադրամը Հայաստանին 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Գյումրի քաղաքի գիշերային լուսավորության համակարգի արդիականացման համար

E5P հիմնադրամը Հայաստանին 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Գյումրի քաղաքի գիշերային լուսավորության համակարգի արդիականացման համար

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար:

 

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը:

 

Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը:

 

Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:

 

E5P հիմնադրամը Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրներում էներգախնայողությանն ու շրջակա միջավայրին ուղղված համայնքային ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված բազմադոնոր հիմնադրամ է, որի տնօրինվող միջոցները գերազանցում են 220 միլիոն եվրոն և շահառու երկրները ևս իրենց մասնակցությունն են ունենում հիմնադրամի միջոցների ձևավորման գործում:

 

Նախորդ տարվա հոկտեմբերին ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ ՎԶԵԲ-ը Հայաստանին 4,6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Գյումրիի ավտոճանապարհների վերականգնման եւ քաղաքային լուսավորության ծրագրի շարունակման համար: Միջոցները կբաշխվեն տրանշերով։ Այսպես, տրանշ-2-ի շրջանակներում հանրապետությունը կստանա 2,6 մլն եվրո, իսկ տրանշ - 3-ի շրջանակներում՝ 2 մլն եվրո։ Միջոցները կուղղորդվեն ճանապարհների եւ քաղաքային լուսավորության, կեղտաջրերի հեռացման համակարգերի արդիականացմանը, ինչպես նաեւ ավտոկանգառների ստեղծման ռազմավարության մշակմանը:

 

Ծրագիրն իրականացվում է 2016 թվականից, այս ընթացքում իրականացվել է ծավալուն աշխատանք։ 2019 թվականի վերջին ամբողջությամբ ավարտվել է երկրորդ եւ երրորդ տրանշերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը թույլ կտա մեծացնել աշխատանքների ծավալները 2020 թվականին: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ.մայիսի 11-ին Լոնդոնում։  ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 14,6 մլն եվրո' Գյումրի քաղաքի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի, գիշերային լուսավորության եւ կեղտաջրերի հեռացման համակարգերի բարելավման համար: Ծրագրի առաջին տրանշի շրջանակներում հանրապետությունն արդեն ստացել է 2,56 մլն եվրո։