Չորեքշաբթի, 4 Մարտի 2020 15:57

Արմսվիսբանկը և Հայկական լիզինգային ընկերությունը կհամագործակցեն ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում

Արմսվիսբանկը և Հայկական լիզինգային ընկերությունը կհամագործակցեն ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում

Արմինֆո. Արմսվիսբանկը և «Արմենիան Լիզինգ Քամփնին» կհամագործակցեն ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում: Համագործակցության շուրջ պայմանագիրն ստորագրվել է նախօրեին՝ երկու կառույցների ղեկավարներ Գևորգ Մաչանյանի և Արսեն Բազիկյանի կողմից:

 

Հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել են համագործակցել ֆինանսական ծառայությունների մատուցման շուրջ՝ որը կընդգրկի երեք հիմնական ուղղություններ:

 

Այսպես, «Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ «Արմսվիսբանկի» կողմից առաջարկվող հաճախորդներին, ընդ որում ծառայությունը կարող է ներառել ինչպես լիզինգի բուն գործընթացի սպասարկման, այնպես էլ գործընթացը սպասարկող ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվության, բանկային ակրեդիտիվների, երաշխիքների օգտագործումը:

 

«Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ «Արմսվիսբանկից» (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար:

 

Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր՝ համաֆինանսավորման սկզբունքով երկու ֆինանսական կառույցների կողմից, հաշվի առնելով երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում, դիրքավորումը, ինչպես նաև հատուկ առաջարկներ տրամադրելու հնարավորությունը։

 

Ինչպես նշել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Գ.Մաչանյանը,   համագործակցությունից կշահեն ինչպես պայմանագրի երկու կողմերը, այնպես էլ լիզինգային շուկայի հաճախորդները և մատակարարները, ովքեր կստանան ֆինանսական առավել ճկուն և շահավետ լուծումներ։

 

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Բազիկյանի խոսքերով՝ սա հայաստանյան ֆինանսական շուկայում փոխգործակցության նախադեպը չունեցող նոր ֆորմատ է, որի հիմնական սկզբունքը ոչ թե մրցակցությունն է, այլ երկու կառույցների առավելությունները համադրելով՝ արդյունավետ համագործակցությունը։

 

Նշենք, որ 2019թ. օգոստոսին ստեղծված Հայկական լիզինգային ընկերությունը (Արմլիզինգ-Armleasing) գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում նույն թվականի դեկտեմբերի 10-ին: Որպես "Արմլիզինգ" ՓԲԸ միանձնյա սեփականատեր հանդես է գալիս "Փարթներս Ինվեստ" ՍՊԸ-ն  (LLC "PARTNERS INVEST"): Ընկերության ակտիվները 2020 թվականի հունվարի 1 - ի դրությամբ կազմել են 359.8 մլն դրամ, ընդհանուր կապիտալը' 234.9 մլն դրամ, կանոնադրական կապիտալը' 250 մլն դրամ:

 

Հիշեցնենք, որ "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ Արմսվիսբանկի ակտիվները կազմել են 282.7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը' 59.7 մլրդ դրամ, վարկային ներդրումները եւ այլ փոխառությունները' 97.1 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի ավելի քան 84 տոկոսը բաժին է ընկնում տնտեսության ֆինանսավորմանը: 2019 թիվը բանկն ավարտել է 8.99 մլրդ դրամի շահույթով (տարեկան աճը ՝ 78%)՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով 4-րդ տեղը շուկայում: