
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում , ինչն ուղենիշային է դառնում հետագա բարեփոխումներում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել առանձին ընկերությունների գործունեությանը։
Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով Լ․Շուշանյանը ներկայացրել է ոլորտում իրականացված բարոփոխումների ընթացքը, նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային է լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։ Պայմավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։
«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Այդ հետաքրքրությունը, ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, կապված է երկրի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկության ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ՝ պարտքային պարտավորությունների շուկա դուրս գալու հետ։ Չի բացառվում, որ ԶՊՄԿ-ից հետո պարտատոմսերի շուկա դուրս գան նաև ոլորտի այլ ընկերություններ՝ ոչ թանկ ռեսուրսների համար։
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճը 2019թ. - ին 2018թ. - ի համեմատ արագացել է մինչև 9 տոկոս' կազմելով 2.104 տրլն դրամ (4.4 մլրդ դոլար): Վերընթաց դինամիկայի արագացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի անկումից դեպի աճի միտումներով։ Հաշվետու ժամանակահատվածում հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտում գրանցվել է 23,9% աճ (նախորդ տարվա 14% անկման դիմաց)' մինչեւ 356,3 մլրդ դրամ: