Արմինֆո. ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում՝ «Լավագույն նոր շարք» անվանակարգում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, մրցանակաբաշխությունը կազմել է Reconnaissance International ընկերության կողմից 2020 թ․մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասը:
Աղբյուրի համաձայն՝ Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» և «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»: Նշվել է նաև, որ 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն և հուսալի թղթադրամներ ստանալու համար: Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքի վրա: Ժյուրիի հատուկ գնահատանքի է արժանացել թղթադրամների դիզայնը, որն արտացոլում է պատմական, մշակութային և կրոնական թեմաներ։
«Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի Բանկին՝ իր նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Թղթադրամը տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքի վրա և ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner–ին:
«Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Լեհաստանի ազգային բանկը՝ Լեհաստանի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաև ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |