Արմինֆո. ՀՀ կենտրոնական Բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Այդ մասին մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն առավել քան բավարար է բանկային գործառնությունների բնականոն ռեժիմով ամենօրյա անցկացումը կազմակերպելու համար: ԿԲ ղեկավարը նշել է, որ այսօր որևէ խնդիր չկա, ինչի մասին խոսում են նաև փաստերը: "Տարբեր տեսակի հայտարարությունների պատճառով շուկայում որոշակի անկայունություն է նկատվել, սակայն այժմ իրավիճակը վերահսկողության տակ է, եւ կարելի է ասել ՝ կայուն է", - նկատել է նա:
ՙՄենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն», - ասել է Ջավադյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: «Նախորդ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,-ասել է վարչապետը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հհետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն կառավարությունը և ԿԲ-ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին և ընդհանրապես տնտեսությանը՝ իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար: «Իհարկե, մենք հիմա նաև քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրել՝ մենք մեր խնդիրը չենք ձևակերպել այնպես, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք: Մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձևակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մասնավորապես՝ մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսական պրոցեսների հետևանքով համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալվում: Սա մի կողմից, իհարկե, վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու, և մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր՝ արդեն իսկ երկու տարի առաջ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որի համաձայն՝ տնտեսական ազատվող դաշտում Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը պետք է մեծացնի իր ներկայությունը: Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, և մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: