Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 12:30
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Նավթի բարելի՝ 25 դոլար շեմի հաղթահարումը գլոբալ ռեցեսիայի սկիզբ կդնի

Կանխատեսում. Նավթի բարելի՝ 25 դոլար շեմի հաղթահարումը գլոբալ ռեցեսիայի սկիզբ կդնի

Արմինֆո. Նավթի բարելի՝ 25 դոլար շեմի հաղթահարումը գլոբալ ռեցեսիայի սկիզբ կդնի: Ընդ որում, նման սցենարի որոշակի նախադրյալներ արդեն տեսանելի են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, <Մեկ Հայաստան> կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

 

<Դեռեւս անցյալ տարվա կեսերին հրապարակված համապատասխան վերլուծական կենտրոնների զեկույցներում 2020 թ. տնտեսական ճգնաժամի հիմնավորումներ են տրվել։ Սակայն, խոսել այս փուլում համաշխարհային տնտեսական ռեցեսիայի մասին դեռ վաղաժամ է: Ըստ էության, այսօր նկատվող իրավիճակը բավականին կանխատեսելի է ։ Դեռ 2019–ին պարզ էր, որ «OPEC+» կարտելային համաձայնագիրն այլևս չի կարող երկար կյանք ունենալ, հետևաբար՝ միանգամայն սպասելի էր նաեւ ներկայիս նավթային ճգնաժամը>, - նշել է փորձագետը ։

 

Մարտի 8-ից սկսած՝ միջազգային շուկայում նավթի գների անկումը գերազանցել է 30 տոկոսը ։ Այն բանից հետո, երբ ՕՊԵԿ - ը եւ Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազման և գնանկման կանխման շուրջ, նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացման մասին, ինչը հանգեցրեց գների անկման:

 

Ընդ, որում, նրա կանխատեսմամբ, հոգեբանական մինիմալ շեմի` 25 դոլարի դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը կարող է շարունակել կայունության ապահովումը իր նավթագազային սեկտորում, որովհետև ունի հստակ առավելություն, ի տարբերություն նավթի շուկայի մնացած խաղացողների. դա Ռուսաստանի նավթի արդյունահանման բավականին ցածր ինքնարժեքն է: Այդ ցածր ինքնարժեքը ներկայումս Ռուսաստանին թույլ է տալիս բյուջետային իր պլանավորումը մոտակա տարիներին իրականացնել անգամ նման պայմաններում:

 

Դավթյանը դիտարկվող գործընթացները չի կապում բացառապես տնտեսության հետ: Նրա գնահատմամբ ՝ այստեղ կան նաև աշխարհաքաղաքական, արհեստականորեն ստեղծվող միտումներ, որոնք, մասնավորապես, տեղավորվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիմակայության մեջ։ Փորձագետի կարծիքով ՝ ընթացիկ գործընթացները, ընդհանուր առմամբ, համապատասխանում են ԱՄՆ արտաքին տնտեսական, աշխարհաքաղաքական շահերին ։

 

<Այս առումով պատահական չէ, որ շուկան սկսեց իր գերզգայությունը ցուցաբերել հենց այն օրերին, երբ Ռուսաստանի Պետական Դումա բերվեց Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը, որը պետք է էլ ավելի ուժեղացնի Պուտինի իշխանությունը 2024 թ. հետո: Սրան նաև գումարում ենք Ռուսաստանի Դաշնության դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում և Լիբիայում:

Այսպիսով՝ այն, ինչ տեղի է ունենում ես գնահատում եմ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ՝ Ռուսաստանի դեմ նավթային գործոնի գործարկման շրջանակներում>,- ամփոփել է Դավթյանը: