Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 12:43

Հայաստան. Զարգաման նպատակները, մոգական երազանքը, հեղափոխության ձեվաչափը եվ կանխատեսման հորրիզոնը ( ՄԱՍ 1)

Հայաստան. Զարգաման նպատակները, մոգական երազանքը, հեղափոխության ձեվաչափը եվ կանխատեսման հորրիզոնը ( ՄԱՍ 1)

ԱրմինֆոՀիմնաբառեր: զարգացման նպատակներ, մոգական երազանք, կանխատեսման մատրից և հորիզոն, ազնվականության վերածնունդ, իշխանության վերաձևափոխում, հեղափոխության դիրքավորում: Նախաբան. Ինչպե՞ս և ի՞նչ նպատակի շարժվել, հարկավո՞ր է արդյոք ունենալ համազգային մոգական երազանք, հեղափոխության ի՞նչ ձևաչափ է անհրաժեշտ երկրին, Հայաստանում իշխանության վերաձևափոխում և ազնվականության վերածնունդ. այս և դրանց ածանցվող հարցադրումները ներկայացված են հոդվածում:

Պատմական հայրենիքում Հայաստանի զարգացման համար նախ և առաջ հարկ է ձևավորել կենսական ու մոգական «հայկական երազանք»  կատեգորիան, միաժամանակ սահմանել երկրի զարգացման համար ռազմավարական կանխատեսման ու պլանավորման անհրաժեշտ ձևաչափը և դրա հորիզոնը: Դա անելու համար հիմք պետք է ընդունել այն հարաբերակցությունը, որում քանորդը հավասար է 100-ի (5000: 50): Հաշվարկը շատ պարզ է. եթե մենք մեզ համարում ենք 5000 տարվա պատմության ժառանգորդներ, ապա պարտավոր ենք ապագային նայել առնվազն 50 տարվա հորիզոնի կրտվածքով: Եթե համեստաբար ելակետ ենք ենք ընդունում 3000 տարվա պատմությունը, ապա համապատասխանաբար պետք է ունենանք 30 տարվա կանխատեսման հորիզոն: Մենք ընդամնենը փաստում ենք, որ պատմությունը ոչ միայն խորանում է անցյալ դարերի տարածության մեջ, այլև ապագայի իմաստալից կանխատեսման պատասխանատվությունն է, այլապես պատմությունն ինքնին կարող է կասկածի տակ դրվել:

Երկրի զարգացման հեղափոխական կամ ոչ այնքան հեղափոխական ժամանակահատվածում պատասխաններ և բաղադրատոմսեր ստանալու նպատակով,  այն է՝ ուր և ինչպես շարժվել և ինչ անել լայն իմաստով և մասնավորապես՝ կառավարությանն ու հասարակության յուրաքանչյուր անդամի՝ որպես կառավարության հանդեպ հայցվորի, նախ և առաջ պետք է փաստել իրողությունները, նույնականացնել երևույթներն ու իրերը և այն միջավայրը, որում գտնվում ենք, ու ապա ներկայացնենք պահանջված հարցադրումները: Այնուհետև այդ ճիշտ հարցադրումների իրականացումը, կարելի է ասել (առանց չարախնդալու), կարծես ամենադժվար խնդիրներից չէ: Եթե ապագան լավ չես պատկերացնում կամ այն մշուշոտ է, երևի լավ կլինի՝ ակտիվ քայլեր չձեռնարկես:

Մինչ այդ, սակայն, պետք է փաստենք, որ խնդիրը հեռագնա նպատակային, բովանդակային և ստեղծագործական հարցադրումներում է, որից իշխանությունները իրենց բնույթով սովորաբար փորձում են նրբորեն խուսափել՝ պայմանավորված. ա) դրանց բարդությամբ, բ) սահմանված նպատակների և խնդիրների կատարումից խուսափելու երաշխիքներ ձեռքբերելու հնարավորությամբ,  գ) ցանկությունը իրականություն ներկայացնելով և այլն:

Միևնույն ժամանակ դա ներկայացվում է անհրաժեշտ հիմնավորումներով՝ դասական և հավատ ներշնչող ձևաչափով: Հայաստանում ներկայիս իշխանությունը, որը 2018 թ. եկավ «թավշյա» ձևով, անկեղծ ասած, կեղծ կամ սուտումուտ նպատակներ չունի և այդպիսով շահավետորեն տարբերվում է նախորդ՝ 20 տարիների իշխանություններից: Մինչդեռ այս կառավարությունը հարկ է, որ խորհի այն մասին, թե արդո՞ք ունի բավարար ռեսուրսներ պահանջված հարցադրումներ սահմանելու և դեռ ավելին՝  իր առաքելությունը կատարել համար:

Պատմական ակնարկ: Հայաստանը կորցրել է պետականությունը հայկական բարձրավանդակում 11-րդ դարում (Անիի Բագրատունիների թագավորություն, 1045 թ.), իսկ Կիլիկիայում հայկական թագավորությունը՝ 14-րդ դարում (1375 թ. Լևոն Զ. Լուսինյան թագավոր): Հայկական պետականությունը պատմական հայրենիքում վերստեղծվեց 20-րդ դարում՝ 1918 թ. և կրկին՝ 1991 թ.:

Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը 30 տարի շարունակ իր պատմական հայրենիքում չի կարողանում ստեղծել արդյունավետ պետություն: Մենք ջերմեռանդորեն ցանկանում ենք դա. տառապանքով զոհաբերում ենք շատ բաներ՝ ներառյալ ընդերքը, մեր բիբլիական բնությունը և ու ինչ ասես, նույնիսկ ամենաթանկը՝ մեր երիտասարդ սերնդի կյանքերը: Ճանապարհին մենք կանգ չենք առնում, ունենք առաջընթաց, նույնիսկ որոշակի հաջողություններ, սակայն չենք կարողացել կառուցել արդյունավետ պետականություն, և, ցավոք, դա վիճարկման խնդիր չէ:

Պատմության ընթացքում Հայաստանը ունեցել է միասնական պետականության հաջող օրինակներ և նույնիսկ կայսրական չափանիշներին մոտ պետականություն՝ Տիգրան Մեծի հայտնի ժամանակաշրջանը, որով բոլորս հպարտ ենք: Միևնույն ժամանակ, առանց ունենալու ինքնիշխան պետություն, դարեր շարունակ Հայաստանը ունեցել է հաջող ինքնավար իշխանություն այլ կայսրությունների և պետությունների հովանության ներքո՝ ներառյալ այնպիսի եզակի կայսրությունների, ինչպիսիք էին հռոմեական, բյուզանդական, պարսկական և ռուսական կայսրությունները և, իհարկե, Խորհրդային Միությունը: Միաժամանակ  արևելքում բավականին արդյունավետ համագործակցել է չինական քաղաքակրթության հետ (մետաքսի ճանապարհը):

 Հարկ է նշել, որ դարերի խորքից մինչ այսօր հայերը սփյուռքում ունեցել և հաջողությամբ կազմակերպել են իրենց հանրային ու սոցիալական կեցությունը, ավելին, ուժեղ սփյուռքը գոյություն ունի շատ տարբեր երկրներում և չունի աշխարհագրական սահմանափակումներ: Ի դեպ, այս փաստը մատնանշվում է ոչ միայն մեր, այլև մեր բարեկամ և ոչ բարեկամ շատ ժողովուրդների կողմից, ինչը վկայում է այս երևույթի օբյեկտիվությունը: Այնուամենայնիվ, իր պատմական հայրենիքում հայությանը դեռևս չի հաջողվում ինքնուրույն ստեղծել արդյունավետ պետություն: Կարելի է ինչքան ասես հղում անել աշխարհաքաղաքականության և  անբարենպաստ արտաքին շատ գործոնների վրա, ընդ որում, անիմաստ է երկար թվարկել այդ գործոններն ու փաստարկները, քանի որ դրանք բոլորին լավ հայտնի են: Փոխարենը հարկ է հարցնել և դիտարկել, թե ինչումն են ձախողման իրական պատճառները: Ի վերջո, աշխարհաքաղաքականությանը, պատմությանն ու արտաքին գործոններին անդրադառնալը արդարացում չէ՞, սրանք օբյեկտիվ դժվարություններ են, և ո՞ր ժողովուրդներն են պատմության ընթացքում և ներկայում ունեցել հեշտ հաջողություններ: Բաղձալի հաջողությունը ոչ մի ժողովրդի չի տրվել արծաթե սկուտեղի վրա, և «երկնքից մանանա» չի թափվել: Դեռ ավելին, կարելի է հարցնել՝ իսկ երբ է աշխարհաքաղաքականությունը և համաշխարհային կոնյուկտուրան բարենպաստ եղել Հայաստանի համար…

Պետք է համարձակություն ունենալ և գիտակցել, որ մենք ստեղծել և ստեղծում ենք մեզ համար ավելի շատ խնդիրներ, քան աշխարհաքաղաքականությունը, միջազգային պայմանները, կոնյուկտուրան և արտաքին գործոնները: Անցած 20 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել  իմունային անբավարարության սինդրոմ (ձեռքբերովի) արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում, հիմնականում՝ «շնորհիվ» մեզ և ոչ թե արտաքին գործոնների ու խաղացողների: Այս ամնեից պարզ հետևություն. խնդիրը արտաքին գործոնների և աշխարհաքաղաքականության մեջ չէ, այլ մեր կողմից երևույթները հասկանալու և գործողությունների մեջ է:

Լուծման մոտեցում. Պարզապես պետք է ճանաչել նշված այդ երևույթներն ու գործոնները և, առաջին հերթին, հարկ է՝ համարձակություն ունենանք և հստակ նշենք, որ պետության հայեցակարգը մեզ համար սրբազան չի դարձել: Հետևաբար ժամանակն է, որ պետականության կատեգորիան (հրամայականորեն՝ հայեցակարգային, իրավական, բարոյական, հոգևոր մակարդակներում՝ ազգի և հասարակության բոլոր ներկայացուցիչների համար համընդհանուր) իր պատմական հայրենիքում և աշխարհի ցանկացած երկրում հայտարարենք հանրային կյանքի առերևույթ սրբազան հիմք: Հայկական պետականությունը պետք է դառնա սրբությանը դասված երևույթ դրա խորքային իմաստով: Պետականության նկատմամբ ոտնձգության բոլոր դրսևորումները պետք է հավասարեցվեն ու դասվեն արտաքին սպառնալիքի, դավաճանության, հասարակության և ազգի համար ամենավտանգավոր հանցագործություններին, ընդ որում, ոչ միայն հայեցակարգային, բարոյական, այլ նաև օրենսդրական մակարդակում:

Անհրաժեշտ է մշակել որոշակի նպատակներով առանձին էթիկայի կոդ,   ինչպես նաև պետության դեմ ուղղված հանցագործությունների հատուկ օրենսգիրք՝ ընդունելի պետության, հասարակության բոլոր անդամների համար: Կարելի է ընդդիմանալ և ասել, որ նման տիպի բոլոր իրավախախտումները ներկայացված են օրենսդրությամբ, իսկ դա նշանակում է, որ դրանք պետք է վերաձևափոխվեն, որպեսզի բոլոր մակարդակներում և դրսևորումներում բարձրացվի դրանց արդյունավետությունը:

Հարկ է արձանագրել՝ Հայաստանում ինչ է տեղի ունեցել շուկայական հարաբերությունների համընդհանուր ընդունումից հետո՝ վերջին 20 տարիներին: Հայաստանի Հանրապետությունում իշխող էլիտայի կողմից իշխանությունը բառացիորեն «դրամայնացվել է» կառավարման բոլոր ճյուղերում` օրենսդիր, գործադիր և դատական: Եթե ասենք, որ իշխանությունը վերածվել է շահույթ ստանալու աղբյուրի, ապա դա ամբողջովին չի բացահայտի երևույթի էությունը և ընթացքը, քանի որ նման դրսևորումներ եղել են բոլոր ժամանկներում և բոլոր երկրներում: ՀՀ-ում իշխանությունը (այլ ոչ թե նրա ընձեռած հնարավորությունները) ինքնին վերածվել է «արդյունավետ» հարստացման կեղեքիչ գործիքի կամ մեքենայի, որը, սակայն, աշխատել է իշխող էլիտայի խիստ սահմանափակ շրջանակի համար: Այն ունեցել է ամենահրեշավոր և երևակայության համար անընկալելի ձևերը՝ ներառյալ կոռուպցիայի բարձրագույն ձևը՝ օրենսդրական կարգավորումների ճանապարհով եկամտի, գույքի ձեռքբերումը կամ, ավելի ճիշտ, շորթումը: Իմաստ չունի թվարկել դրանց հայտնի դրսևորումներն ու օրինակները, քանի որ դրանք բազմիցս ներկայացվել են բոլոր ժանրերով` հրապարակային տեղեկատվական, քրեական, վարչական, դատական, լրագրողական, վավերագրական, գեղարվեստական ​​և այլն:

Իշխանական համակարգին հարմարեցված մարդկանց մյուս մասը, ի դեմս շարքային ծառայողների, պաշտոնյաների կամ չինովնիկների, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարող ուղղակիորեն միանալ կոռումպացված բարձրագույն էլիտային: Դա նրանց թույլատրված չէր, բայց նրանք որոշակի միջակայքում հնարավորություն ունեին իրենց դիրքն օգտագործել հավելյալ եկամուտներ ստանալու համար: Որքա՞ն և ինչպե՞ս՝ դա այլ հարց է, բնականաբար այն իրականացվել է որոշակիորեն համաձայնեցված կարգով: Եկամտի հասանելիությունը եղել է տարբեր չափերի և ոչ հասանելի բոլորի համար: Այս հատվածը կարելի է բնութագրել որպես իշխանության համակարգի արտաքին  մակերեսի քայքայիչ «ժանտախտ կամ կորոզիա»:

Այստեղից հարց է առաջացնում. և ինչպե՞ս է պահպանվել իշխանությունը՝  պետական համակարգը, որը ներսից վարակված էր խորքային ուռուցքով և արտաքինից պատված էր «թարախապարկերով և կամ կորոզիայի ժանգով»: Հարցադրումը օբյեկտիվորեն պահանջում է պատասխան, քանի որ պետությունը՝ որպես այդպիսին, անհրաժեշտ ու պահանջված է հասարակության, ժողովրդի և հատկապես նույն բարձրագույն կոռումպացված էլիտայի կողմից, ինչպես նաև հեռավոր և մոտ սփյուռքի համար, վերջապես հաղթանակած Արցախի, որը, որպես միավոր, դեռևս չի վերամիավորվել մայր Հայաստանին, բայց առանց հայկական պետության ի զորու չէ դիմակայել թշնամուն: Այդօրինակ պետություն կոչված համակարգը պետք է լինի որոշակի հավասարակշռության մեջ, այլապես այն կփուլզվի: Այդ դեպքում ինչպե՞ս է իշխանությունը կարողացել պահպանել պահանջվող հավասարակշռությունը:

Պատասխանը նույնքան պարզ է․ ամեն ինչ խարսխված էր իշխանական ուժի, իրավունքների, լիազորությունների և եկամտի աղբյուրների հավասարակշռվող բաշխման մեջ: Իշխող ամենաբարձր վերնախավում ստվերային տնտեսությունը մինչև վերջին ցենտը հստակ հաշվառված էր, իհարկե, ոչ առանց ցնցումային իրավիճակների: Փորձեր էին արվում «հափշտակել» և «թալանել» նույնիսկ այնտեղ, սակայն նման բաները կոշտ ճնշվում էին, նույնիսկ կյանքի գնով: Հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել տարբեր ժամանակաշրջաններում իշխանության բարձրագույն էշելոններում հանցագործությունների երկար շղթան, որոնք երբեմն  ճակատագրական էին կյանքի առումով: Ի դեպ՝ դրանք երբեք չեն բացահայտվի, դրանց մասին կարելի է գուշակել կամ նույնիսկ մանրակրկիտ, անուն առ անուն իմանալ, բայց ոչ ավելին:

Կոռումպացված էլիտայի համար այդպիսի հավասարակշռության պահպանումը հեշտ գործ չէ. նման մատրից կառուցելու և գործադրելու համար պետք են հատուկ գիտելիքներ և հմտություններ: Այս ամենը զուգորդվում և միահյուսվում է որոշակի գործընթացներով. ա) իշխանության բաժանումը ուժային, ֆինանսական կառույցների և իշխանության մյուս հատվածների միջև, բ) էլիտայում գտնվող անհատների ու խմբերի համար գերեկամուտների մուտքի հնարավորության սահմանումը, գ) հավելյալ գերեկամուտների չափաքականակների բաշխումը, ինչպես նաև իշխանության հետ սերտաճած բիզնեսի համար տարբեր մակարդակներում ստվերային եկամուտներ չափաքանակների սահմանումը, դ) իշխանության և բիզնեսի փոխադարձ սերտաճման կանոնների հաստատումը, միաժամանակ իշխանության և եկամուտների քվոտավորումը, ե) ժամանակ առ ժամանակ նախկինում իշխանության մեջ եղած և իշխանության մեջ ներկայումս առկա անձանց եկամուտների և գույքի  վերաբաշխման անհրաժեշտությունը, զ) այդ գործընթացում կրիմինալ բնույթի չգրված կոշտ կանոնների կիրառումը, դրան բնորոշ կանխարգելման և պատժիչ կարգավորող  մեխանիզմների կիրարկմամբ: Նման գործընթացների կարգավորումը պահանջում է չգրված, բայց խաղացողների կողմից ճանաչված կանոնների համակարգ:

Նման կարգավորման մեկ այլ շատ կարևոր բաղադրիչ է վերը նշված կիսակրիմինալ կանոնակարգերի լրացումը լեգիտիմ ընդունված օրենսդրության հիմքով` տարբեր մակարդակների իշխանությունների օրենսդրական կանոնակարգումների և ենթաօրենսդրական ակտերի, դատական որոշումների միջոցով, որոնցում ամեն ինչ ներկայացված է ըստ օրենքի, քանի որ դրանց ընդունման ընթացքում ամբողջությամբ պահպանվել են օրինական նորմերը, և, ընդհանուր առմամբ, դրանք լեգիտիմ են: Այդուհանդերձ, այդ կեղծ կամ «քվազի» օրենքներն ու որոշումները ընդունվել են ողջամտության սկզբունքների և հասարակության շահերին հակառակ և առավել ևս՝ ի վնաս:

Ներկայացվածը կոռուպցիայի ամենաբարձր դրսևորումն է, երբ նեղ կոռումպացված խմբերի կամ անձանց շահերը սահմանվում և պաշտպանվում են օրինական կամ լեգիտիմ իրավական ուժի գործադրմամբ, և դա արվում է հասարակության շահերի և, ընդհանուր առմամբ, ամբողջ հասարակության  հանրային կեցության հարաբերությունների և պետության սահմանադրական-իրավական և ամբողջ հասարակության բարոյահոգեբանական սկզբունքներին հակառակ: Հարց է առաջանում, թե որքանով է այդօրինակ լեգիտիմ օրենսդրական «արտադրանքը» ներկայում զտված և կասեցված, քանի որ դրանք հաճախ ուժը չեն կորցրել, այսինքն և ներկայումս են վավեր:

Եզրակացություններ և լուծման մոտեցումներ: Այդպիսին էր իշխանության ձևաչափը կամ կոնֆիգուրացիան ոչ հեռավոր անցյալում, իսկ ինչ լուծումներ են անհրաժեշտ ժողովրդի կողմից պահանջած իշխանության համար.

 

ա) իշխանությունը չպետք է «մոնետիզացվի կամ դրամայնացվի» բառիս բուն իմաստով, ինչպես դա եղել է վերջին 20 տարիների ընթացքում.

 

բ)  մյուս կողմից իշխանությունը չի կարող լինել լիբերալ օրինականության շապիկ կամ ծածկոց և կամ պարզապես գիշերային պահակ ինչպես երբեմն կարող է թվալ հիմա՝ չնայած կոշտ արտահայտություններին՝ «պատին ծեփել կամ ասֆալտին փռել».

 

գ) իշխանությունը չի կարող լինել առանց սահմանափակումների ու կանոնների կոշտ բռնապետություն կամ դիկտատուրա, նույնիսկ հանուն պայծառ ապագայի.

 

դ) իխանությունը չի կարող գործել առանց հասարակության և ժամանակի պահանջված նպատակադրումների, ինչպես նաև առանց դրանց համար հայեցակարգեր, մոտեցումներ, չափորոշիչներ և կառուցակարգեր կառուցելու և իրագործելու ունակության:

 

Իսկ թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը, ակնհայտ է վերը նշվածից. այն պետք է կառուցվի ա), բ), գ), դ) կետերում նշված բնութագրիչներին հակառակ մատրիցով:

 

Պատմական ակնարկ: Անցյալ դարի 60-70-ական թվականներին Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրները տառապում էին ռազմական խունտաների շրջապտուտաձև տիրակալման երևույթից (ամենահայտնի օրինակը՝ Չիլիի «Պինոչետի խունտան» էր): Իսկ ո՞րն էր  շրջապտուտաձև կամ իրար հաջորդող խունտաների օրինաչափությունը: Սովորաբար, հասարակության խրախուսմամբ կամ անուղղակի հավանությամբ ռազմական խունտան գալիս էր իշխանության՝ քարուքանդ լինող երկրում կարգուկանոնը վերականգնելու միսիայով, և ժողովուրդը դա ընդունում էր: Մինչդեռ երկրում ռազմական խունտայի կողմից կարգուկանոնի հաստատումը, մեղմ ասած, լավ չէր ավարտվում կամ պարզ ասած ավելի զարհուրելի հետևանքներ էր առաջացնում: Ի պատասխան դրան՝ հասարակությունը  ըմբոստանում էր և իշխանության էր բերում քաղաքացիական կառավարություն: Վերջինս, հիմնվելով ժողովրդավարական «օրինակելի» կարգուկանոնի և լիբերալ ազատությունների վրա, դա իրականացնում էր առանց որևէ պատասխանատվության, ինչը հանգեցնում էր ամենաթողության, և շատ շուտ կրկին դա հանգեցնում էր ռազմական խունտայի վերականգման, և ցիկլիկ շրջապտույտը շարունակում էր:

Եզրակացություն. Նշվածը վկայում է, որ ազատվելով տնային աճեցված «խունտայից», Հայաստանի իշխանությունները կարող են սահուն կերպով հասունացնել «պահանջված խունտայի» նախադրյալները, որն էլ կհայտարարի  երկրում անհրաժեշտ կարգուկանոնի հաստատման մասին, քանի որ երկիրը գտնվում է ամենամոտ հարևանի հետ «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակում, և դա անհամատեղելի է ստեղծված համատարած ամենաթողության հետ (ամենահաղթական փաստարկը):

Արդյունավետ պետություն և իշխանություն կառուցելու կարևոր առանցքներից մեկը հենց պետության և հասարակության կառուցվածքն է: Այն վերլուծելու համար փորձենք դրան մոտենալ մեկ այլ առանցքից կամ տեսանկյունից, մասնավորապես՝ հասարակության մշակութային և սոցիալական տարածությունից և կառուցվածքից: Որպեսզի ֆորմալացնենք առկա իրավիճակը, նախ սահմանափակվենք արձանագրությամբ: Ժողովուրդը, ունենալով պատմական հիշողություն,  օբյեկտիվորեն իր մեջ կրողն է մշակույթի՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական պատվիրանների վրա, որն ինքնին պահպանողական է (ի սկզբանե հակառակը չի էլ կարող լինել): Ի դեպ, դրանում է «homo sapiens»-ի առանձնահատկությունն ու տարբերությունը, այն է՝ մշակութային ժառանգության մատրիցը կամ մշակույթի ժառանգականությունը: Հակառակ մեր հասկացողության` մտածում են նույնիսկ կենդանիները, սակայն, ի տարբերություն բանական մարդու, կենդանիները չեն փոխանցում ժառանգականության մշակութային մատրիցը (չխառնել ինտուիցիայի հետ):

Դասական քրիստոնեական մշակույթը կարեկցանքի և հոգատարության մարմնավորման արվեստ է: Ըստ իս դա է այն պատճառներից մեկը, որ մենք կորցրել ենք որոշակի ինստիտուտներ և արժեքներ:  Պետության ինստիտուտի հետ մեկտեղ մենք չենք պահպանել նաև մեր ինքնության կարևոր ինստիտուտներից մեկը` ազնվականությունը՝ որպես հասարակության կարևոր բաղադրիչ: Դա պայմանավորված է օբյեկտիվ գործոններով և առաջին հերթին այն փաստով, որ օտարերկրյա զավթիչները նպատակասլացորեն ոչնչացրել են հայկական ազնվական տոհմերը՝ այրելով տաճարներում կամ այլ վայրագություններով:

Ազնվականության ֆիզիկական ոչնչացումը հանգեցրեց դրան բնորոշ այնպիսի սրբազան պատվիրանների կամ հատկությունների կորստին, ինչպիսիք են կարեկցանքը և անձնազոհությունը հանուն մարդու, սեփական հասարակության և հայրենիքի: Այդ հատկությունները, իհարկե, չվերացան ժողովրդի մեջ, բայց, պատկերավոր ասած, ժողովրդի կենդանի սրբապատկերները դիմազրկվեցին: Պյոտր Կովալևը նշում է. «Յուրաքանչյուր մարդ ունի երկնային իր բարեպաշտությունը, որտեղ իր բարի գործերը հաշվառվում են և հանվում են կատարված չարիքների թվից: Եթե ​​ինչ-որ բան զոհաբերել եք մարդկության հոգևոր զարգացման համար, ապա հաջորդ կյանքում դուք հարուստ կլինեք ի ծնե:» [Петр Ковалев  https://podskazki.info/aristokratizm-aristokratichnost/]:

Փաստացի, ազնվական լինելու համար կա երկու այընտրանք՝ ծնվել  հարուստ ազնվականների ընտանիքում, կամ սեփական պահվածքով չծանրաբեռնվել այդքան անհրաժեշտ նյութական աշխարհիկ կարիքներով, այլ դրանք հավասարակշռել հոգևոր կարիքների հետ, և այդժամ մարդը կօրհնվի, քանի որ ասված է. «Օրհնյալ է նա, ով հավատում է»: Եվս մեկ կարևոր բան. Դավիթ Սամոյլովը գրում է. «Ազնվականի առանձնահատկությունը նախանձի բացակայությունն է: «Պլեբեյը» միշտ նախանձում է: Նրան թվում է, որ ինքը կարող էր ավելի լավ իրագործվել: Ազնվականը արդեն իսկ իրագործված է»: [Давид Самойлов, https://aphorism.ru/comments/icx2ycfb1v.html]

Հին հույները, ազնվականների «արետ»-ը (արիստոկրատ) բնածին ազնվականությունը բնութագրում են նախ և առաջ արտաքինից ֆիզիկապես կատարյալ և գեղեցիկ մարդու կերպարով: Մինչդեռ սա արտաքին կողմն է, գլխավորը ներքին բովանդակությունն է` «kai hagatos» ներքին կատարելությունը: Արդյունքում, ազնվականին բնորոշ մարմնական և բարոյական կատարյալ հատկությունները, ըստ էության, երկուսը մեկում են կամ երկուսի համադրությունն են: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ժամանակին Պլատոնը և Արիստոտելը առաջ քաշեցին այն տեսությունը, ըստ որի «արետ»-ը կարելի է դաստիարակել և կրթել: Չնայած դրան՝ հակասությունը շարունակվում էր. ընդունվում էր, որ ազնվականությունը տրվում է բնության կողմից, այն կա՛մ կա, կա՛մ չկա: Բայց հարկ է արձանագրել, որ մեծ մտածողների կողմից սկզբունքորեն կարևոր հարցադրում արվեց. ազնվականությունը հնարավոր է դաստիարակել ու կրթել:

Այնուհետև պետք է արձանագրել, թե որոնք են ազնվականի  հատկությունները.  իհարկե, դրանք ազնվությունն ու քաջությունն են: Ազնվականը  մարտիկ է, ով չի խնայում կյանքը հանուն իր հայրենիքի: Ազնվականները օժտված են խիզախությամբ, քաջությամբ, ոգու ուժով: Հոմերոսյան հերոսները՝ Աքիլլեսը, Ոդիսևսը, Հեկտորը, Դիոմեդեսը, «արետի» օրինակներն ու ազնվականության  մարմնացում են: Եվ ով է հայկական էպոսի հերոսը՝ Սասունցի Դավիթը, ով իր բոլոր որակներով հունական «արետի» տեսակն է:

Մյուս «պոստուլատը» կամ պնդումը այն է, որ ազնվականը պետք է մեծահարուստ լինի, այլ կերպ չի կարող լինել: Այնուամենայնիվ, ազնվականի  համար հարստությունը նպատակ չէ, այլ կյանքի որակ: Այս հարստությունը բաղկացած է երկու բաղադրիչներից. մեկը ժառանգվում է որպես տոհմային հարստություն, և մյուսը՝ հարստության երկրորդ բաղադրիչը, ձեռք է բերվում  պատերազմում, քանի որ պատերազմը հարստության աղբյուր է. դա վճարն է  քաջարի վարքի, խիզախության և կարգավիճակի համար: Այս ամենը կարելի է փոխադրել ժամանակակից մատրիցի վրա և ասել, որ պատերազմը միայն դրա բառացի իմաստի մեջ չէ, այլ, եթե պատկերավոր, ապա փոքր ու մեծ հայրենիքին հավատարմորեն ծառայելու:

Ազնվականի հարստությունը պետք է զուգորդվի այնպիսի որակի հետ, ինչպիսին է մեծահոգությունը, և դա ի սկզբանե էր, որ ազնվականությանը, ըստ էության, խորթ է ժլատությունն ու աչքածակությունը: Ազնվականի համար իրերի նվիրատվությունը որևէ անձի վերջինիս նկատմամբ հարգանքի հաստատում է, իսկ նվեր ստացող անձն իր հերթին փոխադարձաբար հաստատում է ազնվականի կարգավիճակը: Ազնվականի հարստության ու կարևորության ցուցադրությունը դրսևորվում է նաև տոնակատարությունների և խնջույքների կազմակերպման ձևով՝ դրանցով շեշտելով իր՝ ազնվականի կարգավիճակը:

Ազնվականին անհնար է պատկերացնել առանց կրթության և գիտելիքների, ազնվականները կրթված մարդիկ են և այդ հիմքով են նրանք ձևավորում  հասարակության մտավոր վերնախավը (դա այդպես էր Հին Հունաստանում և այլուր):

Ազնվականության ամենակարևոր առանձնահատկություններից է  համերաշխության սկզբունքը կամ կորպորատիվ ոգին, ինչը նշանակում է, որ իրենց սոցիումի ներսում ազնվականները հավատարիմ են հավասարության սկզբունքին: Կորպորատիվ ոգին նշանակում է մոտավոր հավասարության կարգավիճակ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ազնվական անհատականության մարմնավորում է: Դրանից է նաև գալիս այն չգրված բացառությունը, որ «սովորական մահկանուցուները» ազնվականի հետ չեն կարող հարազատական կապ հաստատել (ընդհանուր առմամբ դա անհնար է), այսինքն` «դեմո-ժողովուրդը» առանձին, իսկ ազնվականությունը՝ առանձին:

Ազնվականի համար կյանքը ոչ միայն ազնվականության ​​կարգավիճակի դրսևորումն է, այլև անհատականություն դրսևորումն է ազնվականին բնորոշ  հայտանիշներով: Այդ իսկ պատճառով ազնվականները ամենալավ ռազմական գործիչներն ու զորավարներն են: Հարկ է հիշել, որ Հին Հունաստանում սպորտը ստեղծեցին ազնվականները, ովքեր իմաստավորում էին հաղթանակն ու բացարձակ հաղթողի կոչումը («ագոն»-ը մրցակցային ոգին է), դեռ ավելին, չկար և չէր կարող լինել մրցույթում երկրորդ կամ երրորդ աստիճանը: Կար հաղթող, և մնացած բոլորը պարտվողներ էին: Փիլիսոփայությունը, կայանում է նրանում, որ դու պետք է ապրես այստեղ, այս պահին, և այս կյանքում պետք է ինքդ քեզ դրսևորես և սերունդներին լավ համբավ թողնես քո մասին:

Ազնվականի համար ամենակարևոր հասկացությունը պատիվն է, և առաջին հերթին տոհմի, ազգի պատիվը՝  հպարտանալ իր նախնիներով, ազգով, մի լավ բան անել դրանց համար, փառաբանել այն և այնուհետև փոխանցել այդ արժանի փառքը:

Եզրակացություն. իշխանական էլիտայի ձևավորման մոտեցում. Ազնվականությունը՝ որպես հասարակության վերնախավ, կարող է և պետք է դաստիարակվի և ձևավորվի, հետևաբար այն կվերածնվի: Այդպես էին պնդում նաև մեծագույն մտածողները՝ Պլատոնը և Արիստոտելը: Սա պարապ մտքի եզրակացություն չէ: Մեր կարծիքով, ինչքան արագ մենք կարողանանք գիտակցել դրա անհրաժեշտությունը ներկայում, քանի որ այն պահանջված է, այդքան արագ և հաջող կընթանա հայկական պետության արդյունավետ կառուցումը իր պատմական հայրենիքում:

Ասվածին կարելի է հակափաստարկել, որ դա վատ չէ, բայց օբյեկտիվորեն կպահանջվի մի քանի սերունդ: Այս առումով արդյունավետ պետության ձևավորման համար, ազնվականության ձևավորման հետ զուգահեռ առկա է դրան չհակասող մոտեցումը, այն է՝ իշխանության սոցիալական համակարգի ձևավորումը  մերիտոկրատիայի հիմքով (meritocracy < լատիներեն Meritus «արժանի» + հունարեն  «Kratos» - իշխանություն, կառավարում): Այդ դեպքում պետական կառավարման համակարգում պահանջված և բարձր դիրք են զբաղեցնում առավել ընդունակ, գրագետ, պատրաստված և պատվախնդիր մարդիկ՝ անկախ իրենց սոցիալական և տնտեսական ծագումից: Ինչպե՞ս իրականացնել և դաստիարակել ու մեծացնել այդպիսի էլիտա. դա արդեն մեթոդաբանության հարց է, նախ պետք է նման հարցադրում առաջ քաշել:

Նրանք, ովքեր կասկածում են ազգային ազնվականության և մերիտոկրատիայի ձևավորման նպատակահարմարությանը և կամ դա համարում են ուտոպիստական կամ ծայրահեղ (մարգինալ) մոտեցում, կառաջարկենք փորձել պատասխանել հետևյալ հարցերին.

 

ա) Ինչպեսի՞ն է ներկայում հասարակության կառուցվածքը, պաշտպանված է արդյոք «դեմոս-ժողովուրդը» կամ մարդկանց մեծամասնությունը, և որքանո՞վ է «դեմոս-ժողովրդի» համար ժողովրդավարության քողի տակ մուտք ապահովված դեպի իշխանություն.

 

բ) որքանո՞վ է արդյունավետ ձևավորվել իշխանական էլիտան վերջին 20 տարիների ընթացքում.

 

բ) վերջին 20 տարվա ընթացքում ինչպե՞ս են միասին գոյատևել «դեմոս –​​ժողովուրդը» և հայրենի օլիգարխիան:

 

Ձևավորվել էր մի տեսակ հավասարակշռություն, երբ դեմոսի շահերը առանձնապես պաշտպանված չէին, ավելին, նույնիսկ սոցիալիստական ​​կուսակցությունները երբեք մտահոգ չեն եղել դրանցով և երբևէ խստորեն, բացահայտ և հետևողական չեն պաշտպանել «դեմոս-ժողովրդի» շահերը (Դաշնակցությունը իշխանության մեջ լինելով):

 

Ի վերջո կարող են հարցնել,  ո՞րն է ավելի լավ.

 

ա) տնային աճեցված օլիգարխիա՞ն, որը ներկա իրավիճակում փոքր-ինչ նահանջել ու սպասողական վիճակում է և դիրքերը կորցնելու որևէ մտադրություն չունի, թե՞ հետագայում ձևավորվող ազնվականությունը, որը վերը նշված բնորոշ բոլոր հատկանիշներով ավելի պատասխանատու և ազնվաբարո է.

 

բ) կառավարիչների կաստա՞ն, որը հանգամանքների բերումով է եկել իշխանություն և պատրաստ չէ կառավարման գործառույթների իրականացմանը, թե՞  առաջարկվող պետական կառավարման համար պատրաստված, որոշակի արժեհամակարգի հիմքով և ըստ այդմ հատուկ պարամետրերի և չափանիշների հիմքով նախապատրաստված մերիտոկրատիան:

 

Եվ, վերջապես, ազնվականության շերտի գալուստով հարուստ և անսկզբունքային և հաճախ անբարոյական անձանց կողքին կհայտնվի երկրի համար բարոյական անձանց մի շերտ՝ պատասխանատու երկրի և «դեմոս-ժողովրդի» համար, ապա նաև մերիտոկրատները, ովքեր կամրապնդեն հասարակության կառուցվածքի՝ ապագա ռիսկերի և ցնցումների հանդեպ ավելի կայուն հավասարակշռությունը:

 

Մինչդեռ արդի օլիգարխների բարեգործական նպատակներով նվիրատվությունները սովորաբար կամավոր բնույթ չեն կրում, դրանք առավելապես ձեռքբերված կարգավիճակի, դիրքի և ստացված քվոտաների պահպանման համար քողարկված վճարներ են: Ելնելով նշվածից՝ հասարակության նոր կառուցվածքի ձևավորման դեպքում հավանաբար կարիք չի լինի հեղափոխությունների կոչեր անել հասարակության բարքերն ու սոցիալական կառուցվածքը վերափոխելու համար, և, ըստ այդմ, հնարավորություն կստեղծվի  կենտրոնանալ նորարարական, թվային տեխնոլոգիական, կենսանտեխնոլոգիական, նանոտեխնոլոգիական, հեռահաղորդակցության և այլ պրոգրեսիվ բնույթի հեղափոխությունների վրա:

 

Հարկ է նշել, որ ապագա սերունդները կարող են ունենալ ազնվականություն՝ առանց ազնվականությունը հաստատող պաշտոնական տիտղոսների և կոչումների, որը կճանաչվի հասարակության կողմից, հակառակ դեպքում ազնվականությունը հավաստող պաշտոնական ​​տիտղոս ու կոչում ունենալը, անկասկած, կվերածվի  այն ամեն գնով  ձեռքբերելու չհագեցած ծարավի:

 

Ներկայիս օլիգարխները ոչ մի գնով կանգ չեն առնի ազնվական կոչվելու «վկայագրի» ձեռքբերման առջև: Այս դեպքում երևույթը կլինի ոչ թե հասկացության փոխակերպում, այլ որդեգրած սկզբունքների դավաճանություն, որը անհամատեղելի է «ազնվական» կոչման հետ: Ավագ սերունդը լավ հիշում է, թե ինչպես Խորհրդային ​​Միությունում կոմունիստական ​​կուսակցության տոմսը վերածվեց առուվաճառքի առարկայի: Այդ տոմսը «նպատակասլաց» կուսակցական և տարբեր ղեկավար գործիչների համար ուներ համարժեք գին: Մինչդեռ, նկատենք, արևմուտքի մեծահարուստ շատ բիզնես-անձանց համար ամենից վեր, օրինակելի հարթության վրա է բարոյական մոտեցումը:

 

Տեղեկանք՝ համացանցի հսկա «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը բոլոր չափորոշիչներով համեստության տիպար է: Նրա կարողությունը գնահատվում է 131 մլրդ  դոլար, և նա պատմության մեջ առաջինն է հատել 100 մլրդ. դոլարի սահմանը: Ամեն տարի նա միլիոնավոր գումարներ է հատկացնում բարեգործական նպատակներով, մասնավորապես՝ ուսումնական հաստատություններին և ներառյալ իր հարազատ Փրինսթոնի համալսարանին (15 միլիոն դոլար) և այլն:

 

 «Ինքը՝ համեստությունը», այս արտահայտությունը բառացիորեն կիրառելի է շվեդ միլիարդատեր Ինգվար Կամպրադի համար, ով «IKEA» կահույքի միջազգային խանութների ցանցի հիմնադիրն էր: 2018 թ. հունվարին՝ Կամպրադի մահվան պահին, նրա հարստությունը, ըստ «Bloomberg»-ի գնահատականների, կազմում էր 58,7 մլրդ. դոլար: Տիրելով բազմամիլիոն հարստության՝ նա վարում էր 1993 թ. արտադրության «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա և օգտվում էր «էկոնոմ» դասի ավիատոմսերից: Նա իր ընկերության աշխատակիցներին հորդորում էր օգատգործել  գրելու թղթի երկու երեսն էլ: Նա կարգավիճակը ցուցադրելու հակառակորդ էր. չէր սիրում ցուցադրել իր հարստությունն ու ազդեցությունը: Նա իր ժառանգության կեսը նվիրաբերեց Շվեդիայի հյուսիսային Նորլանդ սակավաբնակ նահանգին:

 

Ուորեն Բաֆետը՝ «Forbes»-ի ցուցակի «բրոնզե մեդալակիրը» և «Երկիր մոլորակի հիմնական ներդրողը», ունի 82,5 մլրդ. դոլար կարողություն: Բաֆետը չի օգտագործում շքեղ մեքենաներ վարորդներով, նա ինքն է վարում իր բավականին համեստ մեքենան՝ «Cadillac XTS», որի արժեքն է 45,295 դոլար: Հանգստի ժամանակ նա սիրում է բրիջ  խաղալ և ամեն կերպ խուսափում է մեծահարուստների և հայտնի մարդկանց ծիսական ընդունելություններից և հավաքույթներից: 2006 թ. Բաֆետը խոստացավ ամեն տարի՝ իր կյանքի մնացած ժամանակահատվածում և իր մահից ևս 10 տարի հետո շարունակաբար իր բաժնետոմսերը փոխանցել բարեգործական կազմակերպություններին: 2010 թ. նա միացավ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի նախաձեռնությանը՝ օրինակ բերելով աշխարհի մեծահարուստներին, ովքեր իրենց հարստության մեծ մասը նվիրաբերում են մարդկության առջև ծառացած արդի խնդիրների լուծումներին:

 

Սկզբում նրանց կոչին հետևեցին 40 հարուստ ամերիկացիներ, իսկ այսօր նրանք  արդեն 21 երկրների 170 միլիարդատեր են: Միայն 2017 թ. Բաֆեթը որպես բարեգործություն նվիրաբերեց 2,8 մլրդ դոլար՝ գլխավորելով աշխարհի ամենաշռայլ միլիարդատերերի ցուցակը: [Как живут самые скромные миллиардеры мира https://www.mk.ru/social/2019/05/03/kak-zhivut-samye-skromnye-milliardery-mira.html].

 

 Նկատենք, որ քիչ   հավանական, կամ գրեթե անհնար է, որ Բաֆետն ու շատ այլ մեծահարուստ բարեգործներ այդ միջոցառումներն անում են՝ իշխանությունների հետ սակարկելու և իրենց դիրքերը պահպանելու նպատակով:

 

Սոցիալ-մշակութային մատրիցի ֆոնի վրա պետք է անդրադարձ կատարել մեզանում և մեր պատկերացմամբ արվեստի կատեգորիային: Արվեստը տարբեր առանցքներ ունի` դասական, լիբերալ, զանգվածային, և մի շարք տարատեսակներ՝ «ռաբիս» կամ «աշխատավորական արվեստ» (рабочее искусство) և այլն: Մեր իրականության մեջ լիբերալ մշակույթը գոյատևում է որպես առանց սահմանափակումների իրականություն և նման բան չի ճանաչում, և այդ իմաստով պահպանողականության գաղափարը նրա համար խորթ է: Արվեստի այս երկու առանցքները՝ լիբերալ կամ ազատական և պահպանողական-դասական, անտագոնիստորեն տարբերվելով, կոշտ հակադրվում և միաժամանակ խաղաղ գոյակցում են:

Այդպիսին է այսօր երկրի սոցիալական կառուցվածքի մշակութային մատրիցը։ Իհարկե, նման մշակութային մատրիցը ունի ուժեղ ու վտանգավոր շեղում և ոչ հօգուտ ավանդականի և պահպանողականի: Բայց այն գոյություն ունի այդպես, քանի որ արվեստը ինքնաբավ է: Այլ հարց է, թե որքանով է այդ աղավաղված մատրիցը բավարարում հասարակության՝ որպես ամբողջական հանրության, և ազգի կարիքները՝ դրա ոչ սպառողական կամ մերկանտիլ պահանջի իմաստով:  Վերջինս համեմատելի չէ իրական հոգևոր պահանջմունքի հետ:

Արվեստում ծայրահեղ (մարգինալ) տարբեր հոսքերի կենսունակության միջև կապը բոլորովին այլ հարց է: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ պարզ է, լուծումը հիմնված է արվեստի ինքնաբավության վրա: Բոլորս հասկանում ենք, որ մենք՝ որպես ազգ, աշխարհին պետք է ներկայանանք ազգի դասականների և հպարտությունների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց միջոցով: Միևնույն ժամանակ առօրյա կյանքում բոլորովին ինքնաբավ և յուրովի համակերպվում են մասսայական  արվեստն ու «ռաբիսը», նաև արևելյան քաղցր կլկլացնող երգեցողության ժանրի խառնուրդը: Չմոռանանք ասել, որ վերջինս առօրյա կայնքում՝ բոլոր նշանակալի իրադարձությունների ժամանակ բավականին հաջող կերպով պահպանում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ ընթացքը, և դա ակնհայտ է, իսկ դասական երաժշտության ուղեկցությամբ դա մեզ մոտ չի ստացվում՝ չնայած նրան, որ եվրոպացիները ռեստորանային ծառայությունները վաղուց արդեն մատուցում են օպերային շքեղ շինություններում (դա իմիջայլոց):

Վերադառնալով հասարակության կառուցվածքին՝ ոչ մի կերպ չի կարելի անտեսել «մտավորականություն» կատեգորիան (կամ մեր ականջին սովոր «ինտելիգենցիան»): Այն ոչ վաղ անցյալում և երբեմն այժմ ներկայացնում էր տարբեր մասնագիտությունների խելացի մարդկանց խառնուրդ կամ «փոխարինիչ» (суррогат), որը խորհրդային տարիներին գտնվում էր կառավարության և ժողովրդի միջև (հատուկ սալաքարի կամ զնդանի դեր էր խաղում), որը կոչված էր միավորել դրանք, բայց իր մեջ գաղտնի նույն կերպ ատում էր և՛ կառավարությանը, և՛ ժողովրդին, քանի որ մշտապես դժգոհ էր իրեն հատկացվող հասանելի բարիքներից: Այժմ այդ մտավորականությունը չի կարողանում իր տեղը գտնել, քանի որ այդպիսի գործառույթը պահանջված չէ, կամ գրեթե պահանջված չէ (ի դեպ, անցած  իշխանությունները հաճախ հիշում էին նման կարիքի մասին): Այս իրավիճակում ոտքի տակ ընկած մտավորականությունը կամ ինտելիգենցիան փորձում է հիշեցնել իր մասին, պահանջում է տարբեր կոչումների շնորհում՝ ժողովրդկան երգիչ, շինարար և այլն՝ դրա դիմաց, բնականաբար, առաջարկելով  իր ծառայությունները և պահանջելով համապատասխան հատույց կամ վճար:

Փաստացի պահանջված է ոչ թե նման տիպի մտավորականությունը կամ ինտելիգենցիան՝ իր վերը ներկայացված գործառույթով (ավելի լավ է, չօգտագործել այդ վարկաբեկված՝ «ինտելիգենցիա» բառը), այլ ճշմարտացի և ազնիվ մտավորականները, որոնք կանգնած են ոչ թե կառավարության և ժողովրդի միջև, այլ կառավարությունից և ժողովրդից վեր, ինչպես ճանապարհ բացող մեսիան, որը հաճախ դուր չի գալու իշխանություններին և երբեմն միշտ չէ, որ հասկացված է լինելու ժողովրդի կողմից: Բայց դրանում է նրա կոչումը և գործառույթը: Մտավորականությունը կառավարիչների և կամ տիրակալների էլիտա չէ, այն ավելի շուտ մտավոր կաստա է, որից կառավարչական վերնախավը երբեմն կարող է նույնիսկ ցնցումների մեջ հայտնվել, որովհետև անկաշառ է, կերակրամանի մոտ հերթի չի կանգնում ու չի քծնում: Ամեն դեպքում դա պետք է այդպես լինի, և դրանից է կախված, թե որքան ուժեղ և ազդեցիկ կլինի պահանջված մտավորականությունը:

( ՄԱՍ 2)

Արա Քարյան

«Լոգիկա» ֆինանսատնտեաական և գործարար անկախ

հետազոտությունների կենտրոն»»,ՀԿ-ի նախագահ,

տ.գ.թ., ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ,

Համաշխարհային բանկի ֆինասավորմանբ 2002 թ.

ՀՀ հակակոռուպցիոն առաջին ծրագրի մշակման

 փորձագիտական խմբի անդամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69