Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ «Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով», - ասվում է ԿԲ հաղորդագրոությունում:
Նշենք, որ "Վարկս Էյ Էմ" ՓԲԸ-ն ("VARKS AM" ՈՒԿԿ) հայկական ֆինանսական շուկայում գործում է 2016թ.դեկտեմբերի 20-ից: Այս ընկերության միանձնյա բաժնետերը Finko Invest LLC-ն է ։
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի 31.12.2019 թ. տվյալներով, "Վարկս Էյ Էմ" - ի ընդհանուր կապիտալը կազմել է 2.6 մլրդ դրամ, ինչին ոչ համաչափ նորմատիվային ընդհանուր կապիտալը, ըստ հրապարակված ֆինանսական հաաշվետվությունների, 31.12.2019 թ. - ի դրությամբ կազմել է 8.977 մլրդ դրամ, իսկ կապիտալի բավարարության նորմատիվի տվյալներ այդ ընկերությունն ընդհանրապես ոչ մի անգամ չի հրապարակել: Ունիվերսալ վարկային ընկերությունների համար Կենտրոնական բանկի նորմատիվ պահանջներին համապատասխան ընդհանուր կապիտալի նվազագույն չափը նախատեսված է 150 մլն դրամ, իսկ կապիտալի բավարարության նվազագույն մակարդակը' 10%:
"Վարկս Էյ Էմ" - ի ակտիվներն այդ ամսաթվի դրությամբ կազմել են 23.9 մլրդ դրամ, վարկային ներդրումները' 18.95 մլրդ դրամ կամ ակտիվների 79.3% - ը: 2019 թվականը "Վարկս Էյ Էմ" - ն ավարտել է 3.95 մլրդ դրամի շահույթով ։ "Վարկս Էյ Էմ" – ի ընդհանուր պարտավորություններն այդ ամսաթվի դրությամբ կազմել են 21.3 մլրդ դրամ, որի 72.1% - ը դրամական շուկայից ներգրավումներ են, 8.3% - ը' փոխառություններ/վարկեր բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից, 11.9% - ը' պարտավորություններ կառավարության հանդեպ, իսկ 7.8% - ը' այլ պարտավորություններ: