Արմինֆո.Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում առաջնահերթ է առողջապահական համակարգի վերազինումը։ Այս մասին մարտի 26-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մասնավորապես, փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է պետության հայեցակարգը, որը ներառում է 5 փաթեթ և հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը:
Առաջին հերթին, Գրիգորյանը նշել է մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոնք վերացնելու են լիկվիդայնության անկումը՝ սպառման դեֆորմացման պարագայում: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ աջակցությունը վերաբերելու է համաճարակի պատճառով աշխատանք կորցրած անձանց խմբին, ինչպես նաեւ կառավարության խնդիրը լինելու է սոցիալապես անապահով խմբերի սոցիալական անվտանգության ապահովումը:
Փոխվարչապետը նշել է, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտություն կա ստեղծել պահուստների, մասնավորապես՝ պարենի, դեղորայքի, հումքի կառավարման արդյունավետ համակարգ: Այս առումով նա կարեւորել է նոր ֆինանսական մոդելի ստեղծումը, որում հստակ նշված կլինեն ծախսերը, գործողությունները, ներգրավված միջոցների աղբյուրները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ստեղծված պայմաններում առաջնային պետք է լինեն ոչ միայն բիզնեսի և բնակչության սոցիալապես խոցելի խմբերի աջակցության փաթեթները: Այս համատեքստում նա նշել է, որ պետությունը պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնի, որպեսզի հետկորոնավիրուսային շրջանում բիզնեսն ու հասարակությունը մնան մրցունակ։ <Մեր խնդիրն է՝ անցում կատարել ավանդական գոյատևման տրամաբանությունից դեպի մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն։ Հենց այս մոտեցումն է ընկած մեր ծրագրի հիմքում>, - ասել է Փաշինյանը ։
Միաժամանակ նա հայտնել է, որ ապրիլի 1-ից բիզնեսը եւ բնակչության սոցիալապես խոցելի խմբերը կկարողանան ստանալ աջակցության փաթեթները: Կառավարության հաջորդ նիստում, վարչապետի խոսքով, նոր խմբերի համար աջակցության փաթեթների ստեղծման աշխատանքները կշարունակվեն։