Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցության փաթեթը նախատեսում է տոկոսադրույքների զրոյացում ավելի վաղ պետական աջակցության ներքո իրականացվող մի շարք ծրագրերի վերաբերյալ: Այդ մասին մարտի 26-ին կառավարության նիստում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ագրոհատվածին պետական աջակցության փաթեթը, որը միաձայն հաստատվել է։
Մասնավորապես, նրա ասելով, զրոյական տոկոսադրույքը վերաբերելու է լիզինգի մասով գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերին, հակակարկտային ցանցերի ներդրմանը, ոռոգման նորարարական համակարգերի ներդրմանը, ինտենսիվ այգիների կառուցմանը, տոհմային անասունների բուծմանը, գյուղատնտեսական վարկերի պետական սուբսիդավորում ստացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ՝ անկախ գործունեության ուղղությունից:
Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ստեղծված համաճարակաբանական պայմանների պատճառով պետությունը պատրաստ կլինի սուբսիդավորել տոկոսադրույքները, նույնիսկ եթե առավելագույն տոկոսադրույքը կազմի 14 տոկոս (նախկինում հաստատված 12 տոկոսի դիմաց): Միևնույն ժամանակ, պետությունը պատրաստ է սուբսիդավորել նաև արտարժութային վարկերը, պայմանով, որ առավելագույն տոկոսադրույքը չգերազանցի 9%-ը։
Բացի այդ, աջակցության փաթեթը նախատեսում է մինչեւ 1 մլն դրամ առավելագույն ծավալով եւ մինչեւ 2 տարի մարման ժամկետով միկրովարկերի տոկոսադրույքների զրոյացում:
Խաչատրյանի ասելով, հատուկ ուշադրություն է դարձվելու կոոպերատիվներին, որտեղ պետությունը մտադիր է ոչ միայն սուբսիդավորել, այլեւ համաֆինանսավորել: Նրա խոսքով, համաֆինանսավորման տոկոսը համաչափ է լինելու պահանջված գրավի մասով ֆինկազմակերպությանը զիջումների տոկոսին։
Մասնավորապես, կոոպերատիվների համար անասնաբուծության զարգացման ծրագրով պետության համաֆինանսավորման ծավալը կկազմի 70 տոկոս, հումքի վերամշակման համար ՝ 30 տոկոս, հակակարկտային ցանցերի, ոռոգման համակարգերի, ինտենսիվ այգիների տեղադրման համար՝ 50 տոկոս, ընդհանուր նշանակության ծրագրերի համար ՝ 10 տոկոս, լիզինգի համար ՝ 10 տոկոս: 30 տոկոսի համաֆինանսավորում կտրամադրվի նաեւ խոզաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց:
ՀՀ վարչապետն իր խոսքում խնդրել է համաֆինանսավորման շահառուների շարքում ընդգրկել նաեւ սպանդանոցները։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը նշել է, որ աջակցության այդ գործիքների ներդրումը թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսությունը ։ Ընդ որում, նա որպես մարտահրավեր նշել է կադրերի պատրաստումը եւ կոոպերատիվների ղեկավարների կողմից նշանակվելիք անձանց որակավորման մակարդակը: Դրա հետ մեկտեղ, Փաշինյանն ընդգծել է Հայաստանի մարզերի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը առկա հնարավորությունների եւ օգնության մեխանիզմների վերաբերյալ: Ամփոփելով արդյունքները՝ վարչապետը այդ հարցերի լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներին: