
Արմինֆո. Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
<Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։
Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։ Խնդրում եմ եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության>,- հայտնել է փոխվարչապետը:
Նշենք, որ ըստ թարմացված ցանկի, որը ներկայացված է հետևյալ հղումով ամբողջությամբ արգելված է բուսաբուծության բնագավառում օժանդակ գործունեությունը, անասնաբուծության բնագավառում օժանդակ գործունեությունը, որսորդությունը,անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցումը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական, միջմարզային և ներմարզային ուղեւորափոխադրումները:
Մասնակիորեն արգելված է արդյունաբերական արտադրությունը, մանրածախ, մեծածախ առևտուրը, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների վերանորոգումը, հանրային սննդի, հեռահաղորդակցության, տեղեկատվության եւ կապի, ՏՏ ոլորտներում ծառայությունները:
Անշարժ գույքի, կրթության, մշակույթի, մասնագիտական, գիտական և տեղեկատվական ոլորտում ծառայություններ մատուցելը թույլատրվում է բացառապես առցանց ռեժիմով: