Շաբաթ, 4 Ապրիլի 2020 10:06
Ալեքսանդր Ավանեսով

Պարետը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ

Պարետը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։

 

Որոշման մեջ նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվում է 64 բժշկական արտադրատեսակի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ։ Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

Համաձայն որոշման՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Ըստ որոշման՝ թույլատրվելու է Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան։