Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:
Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները:
Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել վերը նշված ուղղություններով ներկայացնել առաջարկություններ և նոր գաղափարներ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |