Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 15:19
Ալինա Հովհաննիսյան

Փոխվարչապետ․ Պետական պարտքի ավելացման հետ կապված խնդիր չեմ տեսնում

Փոխվարչապետ․ Պետական պարտքի ավելացման հետ կապված խնդիր չեմ տեսնում

Արմինֆո.Ելնելով այսօրվա իրավիճակից՝ չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

<Կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասով ինչ-որ որոշումներ, ցուցանիշներ և ժամկետներ հնչեցնելը>, - ասել է նա: Այս համատեքստում Գրիգորյանը վկայակոչել է ողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ինչի պատճառով, ըստ նրա, որոշակի ժամանակ է պահանջվում որոշումներ կայացնելու և հակաճգնաժամային քայլերը հստակեցնելու համար։ <Անշուշտ, մենք մտածում ենք դրա մասին ։ Կան որոշակի սցենարներ։ Սակայն այսօր ինչ-որ կոնկրետ թվեր հնչեցնել չէի ցանկանա>, - եզրափակել է նա ։ Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում պետական պարտքը 2020թ. մարտին աճել է 6% - ով ՝ մինչև 7.4 մլրդ դոլար (3.5 տրլն դրամ): Դրա կառուցվածքում արձանագրվել է ինչպես արտաքին պարտքի տարեկան աճ ՝ 4% - ով մինչև 5.7 մլրդ դոլար (2.7 տրլն դրամ), այնպես էլ ներքին ՝ 14.1% - ով , մինչև 1.6 մլրդ դոլար (773.3 մլրդ դրամ) ։

 

Որպես համեմատություն՝ նշենք, որ 2019թ.մարտին այդ ցուցանիշներն ունեցել են հետևյալ դինամիկան. արտաքին պարտքը նվազել է 0,6 տոկոսով, ներքին պարտքը աճել է 9,7 տոկոսով, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր պետական պարտքն աճել է 1,4 տոկոսով ։

 

Նշենք, որ Fitch-ի նորացված կանխատեսմամբ ՝ Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2019-ին 53,6 տոկոսից կաճի մինչեւ 2020 թ․ 59,2 տոկոս, որից հետո 2021-ին կնվազի մինչեւ 56 տոկոս: Fitch-ը նշում է, որ Հայաստանի պետական պարտքի գերիշխող մասնաբաժինն արտահայտված է արտարժույթով է ՝ 79 տոկոս, ինչը հանգեցնում է արժութային ռիսկի առաջացման: