
Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման՝ հոլանդական վարդերի արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 375 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում ցանկով ներմուծվող սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ջերմոցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար:
Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65-70 նոր աշխատատեղ` 185,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը կկազմի 1 մլրդ 720 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 670 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 215 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 110.7 մլն դրամ: